Երեկ Հատուկ քննչական ծառայությունն իր կայքում տեղադրել է 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերին վերաբերող տեղեկատվական հաղորդում:
Հաղորդումն ունի 5 ենթաբաժին՝ դեպքերի նկարագրություն, տասն անձանց մահվան հանգամանքները, քրեական գործի փաստական հանգամանքները, աշխատանքները լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի անդամների հետ, ՀՀ նախագահի հանձնարարականը և քրեական գործի ընթացքը:
«Դեպքերի նկարագրություն» բաժնում զեկույցի հեղինակները համոզմունք են հայտնում, որ «2008թ. փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և 10 օր տևողությամբ անընդմեջ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվել են մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ»:
ՀՔԾ-ն պնդում է նաև, որ 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և իրագործելու մտադրությամբ կազմավորվել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպվել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:
Ազատության հրապարակում ցույցը ցրելուց հետո ընդդիմադիրները հավաքվել են Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների հարևանությամբ:
Քննիչները գրել են, որ ժամը 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային անկարգությունների մասնակիցները հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների վրա պարբերաբար կրկնվող զինված հարձակումներով փորձել են Գր. Լուսավորիչ, ապա Պարոնյան փողոցներով առաջ շարժվել դեպի Պռոշյան փողոց, ուր Ձորափի 77 ա հասցեում են գտնվում ՀՀ նախագահի անձնակազմի կառավարման առանձնատները, և Պռոշյան փողոցով դեպի Մարշալ Բաղրամյան փողոց, ուր գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը և ՀՀ Ազգային ժողովը:
«Ամբոխի միջից տարբեր հրազեններից կատարվել են առաջին կրակոցները և միաժամանակ նետվել առաջին նռնակներն ու այլ պայթուցիչ սարքեր, որոնց հետևանքով ՀՀ ոստիկանության զորքերի բազմաթիվ զինծառայողներ ստացան բեկորային, հրազենային և այլ բնույթի վնասվածքներ, իսկ հերթական պայթյունի հետևանքով բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած` ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանը, հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է», – նշված է զեկույցում:
Ինչ վերաբերում է զոհված այլ անձանց մահվան հանգամանքներին, ապա զեկույցում նշվում է, որ նրանցից երեքի մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա 7» տեսակի զենքի օգտագործումը: Նշենք, որ այդ զինատեսակը կիրառվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Զեկուցյում հատուկ անդրադարձ է կատարվում նաև 2008 թվականի հոկտեմբերի 23-ին ստեղծված Փաստահավաք խմբի գործունեությանը, որի կազմում էին նաև ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից առաջադրված Անդրանիկ Քոչարյանը և խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: ՀՔԾ-ն նշում է, որ Փաստահավաք խմբի կողմից «փաստաթղթերում ակնհայտորեն խեղաթյուրվել են ինչպես քննության նյութերը, փորձաքննությունների եզրակացությունները, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից փաստահավաք խմբին տված բացատրությունները»:
Զեկույցի վերջին հատվածում նշվում է, որ «նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները, օպերատիվ-որոնողական միջոցառումները հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:
Նշենք, որ 2008 թվականից ի վեր ընթացող քննության արդյունքում ոչ մի կոնկրետ անձի սպանության մեջ մեղադրանք չի առաջադրվել: