2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Այն, ինչ Բաթումիում անվճար են տալիս, Ղռերում վաճառում են 20 միլիոնով. սոցիոլոգ

Հայաստանում ստիպում են անգամ փողոցում 100 դրամ հավաքողներին հսկիչ-դրամարկղ ունենալ ու կտրոն տալ, ինչը ծաղրանք է հիշեցնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Փոքր բիզնեսը ամբողջ աշխարհում  ապահովում է աշխատուժի 85%-ը, և սրանով պետությունները պայքարում են գործազրկության դեմ: 2010 թվականի մեր  հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ընտանիքների 14% արտագաղթ է գրանցվել բիզնեսի փակման կամ աշխատանք կորցնելու պատճառով»,- - նշել է նա:

Ադիբեկյանը խոսել է նաև ներդրումային անբարենպաստ պայմանների մասին.

«Եղվարդի չկառուցված ջրամբարի տեղում հանգստի գոտի ստեղծելու ծրագիր կար, պայմանավորվածություն արդեն կար, մնում էր հողն օտարել որպես ոչ արդյունաբերական: Տարածքը գնահատվեց 40 միլիոն դոլար: Նույն պրոյեկտի նախագծողին Բաթումիի քաղաքապետը տալիս է անվճար 2 հա հող՝ Բաթումի ցանկացած շրջանում, միայն թե  հանգստի գոտի կառուցի:

Ղռերում տարածքը 40 միլիոն է գնահատվում ու վաճառվում 20 միլիոնով, իսկ Բաթումիի պես ծովափնյա քաղաքում անվճար են տրամադրում հողը: Այս պատճառով էլ Վրաստանը բարենպաստության առումով 27-րդ տեղում է գտնվում, Հայաստանը՝ 49»: