Home / Հայաստան / Հին Նոր տարին նշելու երևույթը ժամանակի հետ մարելու է. ազգագրագետ

Հին Նոր տարին նշելու երևույթը ժամանակի հետ մարելու է. ազգագրագետ

Հուլյան տոմարին անցնելուց հետո Խորհրդային Միությունում մարդիկ  կամ, լավ չըմբռնելով տոների փոփոխությունը, կամ ավանդույթի ուժով շարունակեցին նշել հին Նոր տարին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ազգագրագետ  Հրանուշ Խառատյանը:

«Հուլյան տոմարը շատ փոփոխություններ է բերել մեր կենցաղ: Նույնիսկ կրոնական տոներում, որոնք բոլորովին այլ տրամաբանությամբ են զարգանում, մեր բնակչությունը, մասնավորապես, Թալինում, Վայքում և որոշ վայրերում, որոշ տոներ նշել է հին տոմարով: Օրինակ՝  Վայքում  Տեառնընդառաջը երկար ժամանակ, նույնիսկ այսօր էլ նշում են ոչ թե փետրվարի 14-ին, այլ՝ 13 օր հետո», – պատմել է տիկին Խառատյանը:

«Մեր կենցաղ է մտել հին Նոր Տարի արտահայտությունը, և մարդիկ  լրացուցիչ հանդիպումների, տարին ճանապարհ դնելու և իմաստավորման փորձեր են անում: Կարծում եմ, որ դա անցողիկ երևույթ է», – նշել է ազգագրագետը:

Խառատյանը հավաստում է, որ քաղաքացիական տոնացույցերի փոփոխություններից հետո երբեմն եղել են նմանատիպ փոփոխություններ:

«Միջնադարից եկած ավանդույթի համաձայն` Նոր տարին հաճախ  փոփոխվել է:  Տոմարական փոփոխություններից հետո Նոր տարվա ծեսերի զգալի մասը  կամ մնացել է հնում, կամ փոփոխվել է տարեկան  մի քանի անգամ, և բոլոր սեզոններին հանդիպում են Նոր տարվան բնորոշ ծիսական գործողություններ», – նշել է նա:

Խառատյանի խոսքով` հունվարի 13-ին հին Նոր տարին նշելու երևույթը ժամանակի հետ մարելու է, և այդ 13 օրերի փոփոխության հետ որոշ երևույթներ կմնան, որոնք արդեն որևէ կապ չեն կարող ունենալ Նոր տարվա հետ:

Tekali Taxi