2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Զինված ուժերում տեղի ունեցած ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալիկչիի սպանությունը, որը, նախնական վարկածի համաձայն, պատահականություն էր համարվում, իրականում կանխամտածված սպանություն է:
Հիշեցնենք, որ քննության ընթացքում զինվորականներից մեկը հայտնել էր, որ տղաները «կատակում էին իրենց հրացաններով», որի ընթացքում զինվորականներից Կիվանչ Աղաօղլու անունով զինծառայողը պատահաբար կրակել է Սևակի վրա:
Այդուհանդերձ, ուրբաթ Sabah օրաթերթում հրապարակված լուրերի համաձայն, միջադեպի ականատեսներից մեկը փոխել է իր ցուցմունքը, որը ամենայն հավանականությամբ կփոխի Բալիկչիի վրա կրակած Աղաօղլուի գործով դատաքննության ընթացքը:
Օրաթերթի տեղեկություններով` նոր ցուցմունքները տրվել են նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն պարզ չէ, թե ինչու այս մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն նախկինում չի եղել:
Սևակ Բալիկչիի հետ զինծառայություն անցնող Հալիլ Էկշին իր նոր ցուցմունքներում հայտարարել է.
«Կասկածյալ Կիվանչը և նրա ընտանիքը, մասնավորապես, հորեղբայրը, հորդորել էին ինձ վկայություն տալ հօգուտ իրեն: Միջադեպի օրը մենք հրամանատարների վերահսկողության տակ կայարանի շուրջ շղթաներ էինք տեղադրում: Աշխատանքն ավարտելուց հետո, ինչ որ պահի Կիվանչ Աղաօղլուն հանեց իր հրացանը և ուղղեց այն մեր ընկերոջ` Սևակի ուղղությամբ և կրակ արձակեց: Այսկերպ է սպանվել Սևակ Շահինը: Չգիտեմ, ինչու է Կիվանչը կրակել Սևակի վրա»:
Նշենք, որ Բալիկչիի ընտանիքի փաստաբանները, հիմնվելով իրենց կասկածների վրա, միաժամանակ կապելով դեպքն այն հանգամանքի հետ, որ սպանությունը տեղի էր ունեցել Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված օրը`ապրիլի 24-ին, ավելի վաղ դատարանում հայտարարել էին, որ Աղաօղլուի արարքը պատահականություն չէր, և որ նա գիտեր ինչու է հրացանն ուղղում Բալիկչիի վրա: Աղաօղլուի փաստաբաններն, իրենց հերթին, պնդում էին, որ Բալիկչին և Ագաօղլուն մտերիմ ընկերներ են եղել, և որ նրա հրացանը պատահմամբ է կրակել: Էկշին ավելի վաղ տրված ցուցմունքը հաստատում էր այս պնդումը: