Home / Հայաստան / «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» չեն համագործակցի Օսկանյանի հետ. ԲՀԿ-ում դեռ չեն ասում

«Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» չեն համագործակցի Օսկանյանի հետ. ԲՀԿ-ում դեռ չեն ասում

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անձամբ տեղյակ չէ իր կուսակցության և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև համագործակցության հետ կապված քննարկումներից:

Epress.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը նշել է, որ չի կարող ասել` արդյոք «կտեսնենք  Օսկանյանին ԲՀԿ ցուցակում, թե` ոչ»:

Օրվա ընթացքում Epress.am-ին չհաջողվեց այդ հարցով զրուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ, ով հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Հիշեցնենք, որ երեկ Օսկանյանը հայտարարության է տարածել` նշելով, որ վերադառնում է քաղաքականություն: Նա չի բացառել, որ հնարավոր է համագործակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, սակայն այդ առնչությամբ վերջնական որոշում չի հրապարակել:

Նշենք, որ նախորդ շաբաթ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նախկին արտգործնախարարներ Ալեքսանդր Արզումանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի:

Այդ առնչությամբ Epress.am-ը զրուցել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք բացառել են խորհրդարանական ընտրություններին Օսկանյանի հետ համագործակցության հնարավորությունը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասել է, որ Օսկանյանի հետ իրենց կուսակցության համագործակցությունն անհնար է:

Նա նշել է, որ Օսկանյանի հետ համագործակցության առումով նախնական քննարկումներ էլ տեղի չեն ունեցել:

«Քաղաքականությամբ զբաղվելը ցանկացած մարդու ազատ իրավունքն է և նրա ազատ կամքի դրսևորումը:  Բայց մեր ցուցակում Օսկանյանի ներգրավվելու հարցի  քննարկում չի եղել: Բացի դա, կարծում եմ, Օսկանյանը հստակ ակնարկել է, որ ԲՀԿ-ի ցուցակում է լինելու»,- ասել է Անուշ Սեդրակյանը:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նույնպես նշել է, որ իրենց կուսակցությունը Օսկանյանի հետ  զրույց չի ունեցել խորհրդարանական ցուցակներ կազմելու հետ կապված:

«Օսկանյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից: Նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը միշտ էլ քաղաքական օրակարգ է ունեցել: Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ նա փոխեց շատ արագ իր կարծիքը իշխանության արտաքին և ներքին քաղաքականության  մասին, հենց ինքը այլևս իշխանության ներկայացուցիչ չէր», – անդրադառնալով Օսկանյանի հայտարարությանը` ասել է Լարիսա Ալավերդյանը:

Tekali Taxi