Home / Հայաստան / Սերժ Սարգսյանին առաջարկում են ցմահ ազատազրկվածների հարցում ընդօրինակել եվրոպական փորձը

Սերժ Սարգսյանին առաջարկում են ցմահ ազատազրկվածների հարցում ընդօրինակել եվրոպական փորձը

Հայաստանում 104 ցմահ ազատազրկվածների խումբը միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Նրանց թվում կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Այս մասին ասված է  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում: Նամակի հեղինակներն առաջակում են հետևյալ պայմանները, որոնք ուղղված կլինեն ցմահ ազատազրկվածների թվի կրճատմանը.

«Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում:  Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ` 20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:

Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում,  եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քրեական  Օրենսգրքում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:

Քրեական դատավարության օրեսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:

Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քրեական օրենսգրքի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալների հավանականությունը»:

Նամակը նաև ուղարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին,  ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,  ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:

Հեղինակները նշում են, որ շահագրգռված հասարակական կազմակերպությունները կարող են ստորագրել նամակի տակ:

Tekali Taxi