Գլխավոր / Հայաստան / ԱԺ պատգամավորին հեռացրել են ՕԵԿ-ից սխալ քվեարկելու և ոչ պարկեշտ վարքագծի համար

ԱԺ պատգամավորին հեռացրել են ՕԵԿ-ից սխալ քվեարկելու և ոչ պարկեշտ վարքագծի համար

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացրել են կուսակցությունից: Այս մասին ասված է կուսակցության կողմից տարածած հայտարարության մեջ:

ՕԵԿ-ը նշում է, որ Գագիկ Բաղդասարյանը երկու տարի պատգամավոր լինելու ընթացքում չի զբաղվել կուսակցական կազմակերպչական որևէ աշխատանքով: Բացի դա, կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ Գագիկ Բաղդասարյանի քվեարկությունը համահունչ չէ «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին հետ: Որպես օրինակ ՕԵԿ-ը նշում է փետրվարի 6-ին կայացած քվեարկությունը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում քվորում չլինելու պատճառով չի անցել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման»օրենքի քվեարկությունը: Մասնավորապես, օրենքի համար չեն քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները:

ՕԵԿ-ն իր հայտարարության մեջ չի նշում, թե կոնկրետ ինչպես է քվեարկել Բաղդասարյանը, բայց ընդգծում է, որ «նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին»:

«Հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության և նրա որոշումների նկատմամբ` «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից», — նշում են հայտարարության հեղինակները: