Այսօր Մաշտոցի պողոտայի այգում բնապահպանների ակցիայի շրջանակներում տեղի կունենա «Ես դեմ եմ շների սպանդին» փողոցային շներին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Այն անցկացնելու է «Դինգո» կենդանասերների կամավորական խումբը:
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպիչները նաև «որդեգրման ակցիա» կանցկացնեն, որի ընթացքում քոթոթներ կբաժանեն:
Ցուցանհանդեսին նվիրված «Դինգոյի» հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով քաղաքով մեկ իրականացվում է շների դաժան սպանդ։
«Կրակում են ամենուրեք, և դա այն դեպքում, երբ պետբյուջեից տարեկան180 միլիոն դրամ է դուրս գրվում շների ստերջացման և վերադարձման համար։ Ձեր ներկայությունը ցուցահանդեսին շատ կարևոր է, քանի որ փողոցային շների հարցը քաղաքի ամենասուր խնդիրներից է։ Պետք է վերջ տալ վայրագությանը, որ տիրում է մեր քաղաքում», – նշված է հայտարարության մեջ:
Ցուցահանդեսի կազմակերպիչները հայտարարության մեջ հիշեցնում են նաև, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակել պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայր Արա Սադոյանին, որը տարեկան 180 միլիոն դրամով շներին ոչնչացնող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի սեփականատերն է։
«Կենդանասեր հասարակության վերջին հույսը Տարոն Մարգարյանն էր, ում վերահսկողության ներքո է տարիներ շարունակ եղել թափառող կենդանիների հիմնախնդիրը, ով հիանալի տիրապետում է իրավիճակին, և ում տրամադրության տակ են եղել ազգային և միջազգային կենդանապաշտպան կազմակեպությունների կողմից ներկայացվող բազմաթիվ նյութերը։
Փաստորեն նոր քաղաքապետը ոչ միայն չի պատրաստվում վերջապես ստանձնել թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման մարդկային ու արդյունավետ ծրագիրը, որը թույլ կտա վերջապես արմատախիլ անել խնդիրը և այլևս չմսխել պետական գումարները, այլև պաշտոն է տալիս անմարդկային ու ապարդյունավետ գործունեություն ծավալողներին և մեր գրպանից պետությանը վճարվող գումարները վատնողներին», – նշում է «Դինգո» կենդանասերների կամավորական խումբը։