2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երևան ներկրված ավտոբուսների մի մասը վաղը դուրս կգա երթուղիներ

Չինաստանից Հայաստան ներկրված 249 քաղաքային ավտոբուսների մի մասն արդեն վաղը դուրս կգա երթուղիներ: Այս մասին այսօր Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի հետ հանդիպմանն ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

«Որպես ավտոբուս արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություն, մեր մասնագետների աջակցությամբ կանենք հնարավորը, որպեսզի ավտոբուսները շահագործվեն ճիշտ և ծառայեն Երևանին երկար տարիներ»,- ընդգծել է նա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: