Գլխավոր / Հայաստան / Շիրակի մարզում «նախընտրական գարի» են բաժանում. մեկ պարկ` մեկ անձնագրի դիմաց

Շիրակի մարզում «նախընտրական գարի» են բաժանում. մեկ պարկ` մեկ անձնագրի դիմաց

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը շարունակում է իր նախընտրական բարեգործությունները Շիրակի մարզի գյուղերում: Ախուրիկում, Ղարիբջանյանում, Երազգավորսում, Բայանդուրում ՀՀԿ-ական գյուղապետերի ձեռքով գարի բաժանելուց հետո այսօր հերթը հասավ Շիրակի մարզի ամենամեծ գյուղին` Ախուրյանին, գրում է «Առավոտը»:

Ինչպես պատմում են ականատեսները, գյուղացիները, լսելով գարու մասին, անձնագրերը ձեռքներին գյուղի ծայրերից շնչակտուր վազում էին ու միմյանց հրմշտելով, վիրավորելով փորձում էին վայրկյան առաջ հասնել գարի բաժանող բեռնատարին:

Ըստ ականատեսների` մեկ անձնագիրը մեկ պարկ գարի է, իսկ մարդկային կուտակումների պատճառը եղել է այն, որ գարին բաժանվել է ըստ ընտրացուցակների, այսինքն ճշգրտել են տվյալ անձը ձայն ունի՞, թե՞ ոչ: Մյուս գյուղերում նման ճշգրտումներ չեն կատարվել, որի արդյունքում էլ պարարտանյութը հասել է ում պատահի, նույնիսկ պակասորդ է տվել:

Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանը aravot.am-ի հարցին, թե արդյոք ինքն է բաժանում Սամվել Բալասանյանի գարին, պատասխանել է. «Դուք երբևէ տեսե՞լ եք, որ ես ինչ-որ բան բաժանեմ, ես բաժանելուց հեռու եմ, առավել ևս ուրիշի ապրանքը բաժանելուց: Իրենք գիտեն, որ ես չեմ զբաղվում այդ հարցերով, դրա համար էլ ինձ չեն մոտեցել»: