Գլխավոր / Տեսանյութեր / Թուրք Նոբելյան մրցանակակիրը «Անմեղության թանգարան է» բացել

Թուրք Նոբելյան մրցանակակիրը «Անմեղության թանգարան է» բացել

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը «Մանիֆեստ» է հրապարակել` ներկայացնելու համար` ինչ նպատակ է հետապնդում և ինչի համար է կոչված Ստամբուլում այս ամսվա վերջին բացվող իր «Անմեղության թանգարանը», որը հեղինակի նույն վերնագրով վեպի տարբեր ասպեկտների տեսողական վերարտադրությունն է: Մինչ միջազգային ԶԼՄ-ներում հայտնվելը, Մանիֆեստը հրապարակվել է Taraf պարբերականում:

Փամուկի խոսքով` ինքը սիրում է թանգարաններ և նախկինում էլ միշտ երջանիկ է զգացել իրեն այնտեղ: «Քանի որ շատ լուրջ եմ վերաբերվում թանգարաններին, երբեմն զայրանում եմ դրանց վրա, բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում զայրույթով խոսել դրանց մասին: Իմ մանկության տարիներին Ստամբուլում մի քանի թանգարաններ կային, դրանցից շատերը պետական հովանավորության տակ գտնվող պատմական կառույցներ էին: Ավելի ուշ, Եվրոպական քաղաքների փոքր թանգարաններն ինձ թույլ տվեցին զգալ, որ թանգարանները կարող են պատմել նաև անհատների պատմությունները: Երբեք չեմ մոռանում մարդկության հարստություններ համարվող Լուվրը, Մետրոպոլիտենը, Բրիտանական թանգարանը, Պրադոն: Բայց դեմ եմ այն գաղափարին, որ այս հսկայական հուշարձանային գանձերը պետք է ապագայի թանգարանների մոդելը հանդիսանան: Թանգարանները պետք է մարդկանց մասին պատմեն: Պետական հովանավորության տակ գտնվող թանգարանները նպատակ ունեն ներկայացնելու պետությունը, և ոչ անհատներին: Սա ոչ լավ, ոչ էլ անմեղ նպատակ է»,-ասվում է Փամուկի մանիֆեստում:

Անմեղության թանգարանը ներկայացնում 1950-ից մինչ 2000 թվականների Ստամբուլի կյանքը: Թանգարանում ներկայացված է նաև Փամուկի «Անմեղության թանգարան» վեպի հերոսի` Քեմալի սիրուհի Ֆյուզունի կերպարի ոգեշնչմամբ ստեղծված ցուցանմուշներ:

Փամուկի գտնում է, որ թանգարանները պետք է լինեն ավելի փոքր, ավելի անհատական և էժան: «Սա անհատի պատմությունը պատմելու միակ ճանապարհն է: Մեծ թանգարաններում մենք ստիպված ենք հիշել պետությունը: Ահա թե ինչ միլիոնավոր մարդիկ վախենում են թանգարան այցելելուց»: