Home / Հայաստան / «Աչքաչափը» որպես մեղադրանքի հիմք. դատ Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Աչքաչափը» որպես մեղադրանքի հիմք. դատ Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ սկսեցի զբաղվել այս գործով, համոզված էի, որ Հայաստանում անհնար է զբաղվել ձեռներեցությամբ օրենքով սահմանված կանոններով: Նման հայտարություն է արել ապրիլի 27-ին Վանաձորում կայացած դատական նիստի ժամանակ վանաձորցի գործարար Սամվել Հարությունյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Սակայն, նրա խոսքով, երբ սկսել է զբաղվել գործով համոզվել է, որ նման դեպք կա` Սամվել Հարությունյանն է:

Հարությունյանին մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության` հանքավայրից ապօրինի կերպով քարի ծավալ վաճառելու մեջ: Հարությունյանի պնդմամբ` իր նկատմամբ հետապնդումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար (մինչև 2006 թ.), Հարկային տեսչության նախկին պետ (1997-1998 թթ.) Արտաշես Թումանյանը, ով օգտագործել է իր նախկին կապերը պետական մարմիններում և մամուլում:

Երեկվա նիստին հարցաքննվեցին երեք վկա` Հարությունյանի ղեկավարման օրոք «Քարաբերդ» ընկերության հանքի վարիչ, իսկ այժմ նույն ընկերության տնօրեն Մանվել Հովհաննիսյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վերահսկման վարչության աշխատակից Մկրտիչ Կարապետյանը, հաշվապահ Արթուր Շահմուրադյանը:

Նախկին ցուցմունքներում հանքի այսօրվա տնօրեն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Հարությունյանին պատկանող «Կարատից» Թումանյանի «Քարաբերդ», որտեղ Հարությունյանը տնօրեն էր, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի մարտ տեղափոխվել է 15-17 հազար խորհանարդ մետր ծավալ: Հետագայում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ուղարկված փաստաթղթում Հովհաննիսյանը նշում է 22-23 հազար խորհանարդ մետր թիվը: Երեկ այն հարցին, թե ինչքան ապրանք է տեղափոխվել, Հովհաննիսյանը դիմել է դատավորին. «Դե ինչքան գրված ա, ինչքան որոշել եք»:

«Մենք դեռ ոչինչ չենք որոշել», – պատասխանել է դատավորը:

Հարցաքննվողը ասել է, որ խոսքը 8-10 հազար խ/մ մասին է, ինչը հանքի նախքին վարիչը, իր իսկ պնդմամբ, հաշվարկել է «աչքաչափով»:

Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ նա, աշխատելով «Քարաբերդում», տեղյակ չէր «Կարատ» ՍՊԸ-ի գոյության մասին: Ասելով, որ ինքը ամեն օր հաշվետվություն էր ներկայացնում հաշվապահություն, նախկին վարիչը չկարողացավ պատասխանել հարցին, թե այդ դեպքում ինչու Հովհաննիսյանը «չի գրանցել ավելորդ 10 հազար խ/մ-ն»:

Վկան պնդել է նաև, որ հնարավոր չէ հաշվարկել հանքում կատարված աշխատանքների ծավալը` համեմատելով վառելիքի և հոսանքի ծախսի հետ, «քանի որ տեխնիկան հին է և մաշված է», իսկ «հոսանքը ծախսը անկայուն է, օրինակ, միշտ միացված էլեկտրական լամպերի պատճառով»: Մեղադրվող գործարարը առարկեց, որ նույնիսկ հնամաշ բեռնատար մեքենաները ծախսում են հստակ քանակությամբ վառելիք, որը ստանում էր հանքի վարիչը: «Իսկ լուսավորության հոսանքի ծախսը անհամեմատելի է մեգավատանոց գերհզոր աղացի օգտագործած էներգիայի հետ», – նշել է Հարությունյանը:

Հարց վկային. – Դուք կարող էիք տեղյակ չլինել հանքում «լեվի» արտահանման մասին:

Պատասխան. Այո:

Հարց. – Տնօրենը կարող էր հրամայել աղալ և վաճառել ապրանքն առանց հանքի վարիչի իմացության:

Պատասխան. – Ոչ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վերահսկման վարչության աշխատակից Մկրտիչ Կարապետյանը դժվարանում էր հստակ ներկայացնել իր կողմից 2010-ին կատարված ճափումների արդյունքները, քանի որ ձեռքի տակ չուներ համապատասխան փաստաթղթերը:

Նա հայտարարեց, որ իրենց գերատեսչությունը ստուգել է հանքում համաձայն նախագծի կատարված երկրաբանա-հետախուզական աշխատանքների ճշտությունը և եզրակացություն տվել, որ դրանք կատարվել են առանց խախտումների:

Հաշվապահ Արթուր Շահմուրադյանը հայտարարեց, որ հումքի տեղաշարժը առանց հաշվառման հնարավոր չէր իրականացնել: Նրանք ամսեկան հաշվետվություն էին ներկայացնում` հիմնվելով հանքի վարիչի ամենօրյա ներկայացվող հաշվետվության վրա: Վարիչը դրանից առաջ ասել էր, որ տեղյակ չէր, արդյոք հաշվապահությունը գրանցում էր այն: Միևնույն ժամանակ նախկին վարիչը չկարողացավ ասել, թե ինչ տեսքով էր ներկայացնում ամենօրյա հաշվետվությունը:

Դատախազը նշեց, որ Շահմուրադյանը հիմնվում է միայն թղթերում նշված տվյալների վրա` չիմանալով ներքին տեղաշարժի և «նույնիսկ հանքի տեղի մասին»:

Պաշտպանը պահանջել է նախկին վարիչ Հովհաննիսյանից ներկայացնել ամենօրյա հաշվետվության և նշված ժամանակահատվածում` էներգիայի համար մուծված գումարի մասին փաստաթղթերը:

Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 23-ին:

Tekali Taxi