2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բնապահպաններն ահազանգում են. Սյունիքում պատրաստվում են նոր հանք շահագործել

Սյունիքի մարզի Ծավ գյուղում Մազրայի ոսկու հանքի շահագործելու մասին ծրագիրը Բնապահպանության նախարարությունը չպետք է քննարկի, քանի որ գյուղը գտնվում է Հայաստանի երեք արգելանոցներից մեկի` Շքահողի արգելանոցի մոտ:  Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանքի շահագործման ծրագրին` ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բնապահպանության նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ` Ծավ գյուղում բաց եղանակով ոսկու հանք շահագործելու վերաբերյալ:

«Հայաստանում Էրեբունու արգելանոցն արդեն չկա: Խոսրովի և Շքահողի արգելանոցներն են մնացել:  Շքահողում կան Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ ու բույսեր: Դա Կովկասի ունիկալ կենսաբազմազանություն ունեցող   վայրերից մեկն է, և Ծավ գյուղը չպետք է որոշի դրա ճակատագիրը:  Տեղի բնակիչները, այո, իրենց համաձայնությունը տվել են, քանի որ գյուղը տնտեսապես շատ վատ վիճակում է գտնվում:  Բայց այդ վիճակի վերականգնումը չպետք է արվի անտառի հաշվին»,- ասել է բնապահպանը:

Ծավում ոսկու հանքի ծրագրի մասին մտահոգ  են նաև այլ  բնապահպաններ ու կազմակերպություններ, այդ թվում` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը:  Այսօր նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաև բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետևանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է՝ առանց գիտակցելու դրա կործանարար հետևանքները:

«Այս հանքի շահագործումը առաջարկող անհայտ ծագման և հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ընկերության ներկայացրած՝ Բարձրադիրի ոսկու բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել, որ այն գրված է բազմաթիվ թերություններով և հատկապես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության»:, - ասված է հայտարարության մեջ: