հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սրանք լևոնական են». ՀԱԿ-ի ակտվիստները պնդել են, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել

«Սրանք լևոնական են». ՀԱԿ-ի ակտվիստները պնդել են, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել

2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանների և Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով հասարակակական կարգը խախտվել է ոստիկանության կողմից: Այդ մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ տված ցուցմունքում ասել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, ում այդ օրը բերման էին ենթարկել ոստիկանության բաժին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:

Սարգիս Գևորգյանն ասել է, որ ոստիկանների կատարած կամայականությունների հետևանքով հասարակությանը բարոյական մեծ վնաս է հասցվել ու նման կամայականություններն ուղղակի մարդկանց համար սպառնալիք են:

Այսօր, Գևորգյանից բացի, ցուցմունք են տվել նաև Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը: Կարապետյանը նշել է, որ միջադեպը սկսվել է այն ժամանակ, երբ երկու ոստիկան երկու երիտասարդի խուզարկելիս են եղել, ու ինքը ցանկացել է որպես ընթերակա ներգրավվել այդ գործողությանը: Երբ ոստիկանները նկատել են նաև Տիգրան Առաքելյանին, ասել են` «սրանք լևոնական են», ու Առաքելյանի այն հարցին, թե «լևոնականը որն է», առաջացել է վեճ, որին հետևել է  ոստիկանների կողմից Առաքելյանին ու Կարապետյանին ծեծի ենթարկելը:

Կարապետյանն իր ցուցմունքում ասել է, որ ցանկացել է գետնին ընկած Առաքելյանին օգնել, բայց իրեն նույնպես հարվածել և գցել են գետնին, իսկ դրանից հետո տեսել է, թե ինչպես են գետնին գցում ու հարվածում Արեգ Գևորգյանին: Կարապետյանը նշել է, որ ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն է գործադրել օպեր Կարեն Հովսեփյանը, ով հայհոյել է իրեն, ինչին Կարապետյանը պատասխանել է  հայհոյանքով:

Սարգիս Գևորգյանը նույնպես ասել է, որ Կարեն անունով օպերը մյուս երիտասարդներին նույնպես հայհոյել է, ինչին ի պատասխան Գևորգյանը փոխադարձ հայհոյանքներ է տվել նրան:

«Ես հայհոյեցի Կարենին, որ սփաթվի, բայց չսթափվեց, ավելի կատաղեց», – ասել է Գևորգյանը: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի այն հարցին, թե, Գևորգյանի կարծիքով, ոստիկանին մայր հայհոյելը դա սթափեցնե՞լ է, Գևորգյանն ասել է.

«Ես ոստիկանին երբեք չեմ հայհոյում, ես հայհոյել եմ ինչ-որ մարդու, ով ներխուժել էր ոստիկանական բաժին, ծեծի էր ենթարկում Արտակին, հետո լկտիաբար հայհոյում: Էդ մարդը չի ներկայացել, եթե ես ճիշտ գիտեմ` ոստիկանը պետք է ներկայանա խոսելուց առաջ: Ես Կենտրոնի ոստիկանության բաժնում չեմ եղել , որովհետև այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք` դա Կենտրոնի ոստիկանության բաժին չէր, դա մի վայր էր, որտեղ ինչ-որ մարդիկ ներկայանում էին ոստիկան, բայց պահում էին իրենց, ինչպես շարքային հանցագործներ, ես իրանց էլ եմ ասել դա», – նշել է Գևորգյանը:

Այնուհետև մեղադրողը հարցրել է, թե նա ինչու է միջամտել Կարապի լճի մոտ ոստիկանների գործողություններին: Սարգիս Գևորգյանը պատասխանել է, որ իր միջամտությունը կապված էր նրա հետ, որ Արտակի ու Տիգրանի առողջությանն ու կյանքին վտանգ էր սպառնում, և ինքը չէր կարող մնացածի պես հետևել, թե ինչպես են ծեծի ենթարկում երիտասարդներին:

Գևորգյանն ասել է, որ ինքը ոստիկանական հագուստով մարդկանց ասել է` «կողքի կանգնի, այ տղա, այ հանցագործ»:

Մեղադրողը հարցրել է, թե ինչպես է ոստիկանական համազգեստով մարդուն նման բան ասել:

«Հարգելի մեղադրող,  դուք ամենաշատ պետք է իմանաք, որ, ոստիկանությունը ինչ ուզում ա արած լինի, քաղաքացին, իրավունք չունի հատուկ ջոկատայիններով գետնին գցած ծեծի ենթարկել քաղաքացուն, իրավունք ունի ուժ գործադրելով տանել բաժին: Օրենքով սահամանվա՞ծ է` հինգ ոստիկանով մի քաղաքացուն ծեծի ենթարկել»,- ասել է Գևորգյանը:

Նշենք, որ միջադեպի մասնակից բոլոր երիտասարդներն ասել են, որ բերման ենթարկելիս իրենց ոչ մի պահանջ չեն ներկայացրել:

Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը`ժամը 12:00-ին: