Home / Հայաստան / Ադրբեջան. Էլի երիտասարդներ են զոհվելու

Ադրբեջան. Էլի երիտասարդներ են զոհվելու

Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարգավորվել, լարվածությունը շփման գծում կպահպանվի, և երիտասարդներ կզոհվեն: Այս առավոտ Հայաստանի հետ սահմանին զոհված 5 ադրբեջանցիների մահն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը

«Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, իրավիճակը անկանխատեսելի կլինի»,- Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշել է Մամեդյարովը:

Նրա կարծիքով `Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում քննարկվող «Մադրիդյան սկզբունքները» խաղաղ համաձայնագրի համար հիմք կարող են հանդիսանալ. «Որքան շուտ հայկական կողմն ընդունի դրանք, այնքան շուտ կկարգավորվի հակամարտությունը»:

«Համաձայնության ուրվագծերը պարզ են»,- նշել է Մամեդյարովը և հույս հայտնել, որ Ուկրաինայի համանախագությամբ ԵԱՀԿ-ում Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց կգրանցվի:

Մամեդյարովը նաև նշել է, որ լարվածության վերջին դեպքերը քննարկվելու են վաղը` Հիլարի Քլինտոնի հետ կայանալիք հանդիպման ընթացքում: Միևնույն հարցը քննարկվելու է նաև հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունները մամլո հաղորդագրություն էին տարածել, ըստ ամենայնի, միևնույն միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հունիսի 4-ի` լույս 5-ի գիշերը` Տավուշի և Ղազախի շրջանների սահմանին: Հաղորդագրություննները տարբերվում էին միայն ադրբեջանական կողմում զոհերի քանակով` 5 զինծառայող:

Հայկական կողմը նշում է, որ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ադրբեջանական դիվերսիոն խումբը, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 15-20 հոգանոց խումբը: Ադրբեջանի  ԱԳ նախարարությունը հաղորդում է, որ Ղազախի շրջանի Աշաղի Ասքիփաղա գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականների կողմից հայտնաբերվել է ադրբեջանական դիրքեր մուտք գործել հայ զինծառայողների խումբ:

Այս անգամ հայկական կողմից զոհեր չկան, մինչդեռ նախօրեին Հայաստանում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով 3 զինծառայող է զոհվել. ևս 5-ը վիրավորվել են: Երեկ երկու երկրների ռազմական գերատեսչությունները մեղադրեցին միմյանց հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն գործողությունների իրագործման մեջ:

Tekali Taxi