Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանն այցելեց ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները (ՖՈՏՈ)

Սերժ Սարգսյանն այցելեց ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները (ՖՈՏՈ)

Պաշտոնական այցով Ճապոնիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սենդայ քաղաքում այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:

Սերժ Սարգսյանն իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար:

«Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, և ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջև»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ «երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները»:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն և Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետևանքները:

«Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ», – ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը՝ հունիսի 6-ին, կմեկնարկեն նրա հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ:

Լուսանկարները` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Tekali Taxi