Home / Հայաստան / Ակտիվիստները խոշտանգված աղջկա գործով բաց դատավարություն պահանջեցին

Ակտիվիստները խոշտանգված աղջկա գործով բաց դատավարություն պահանջեցին

Սկեսուրի և ամուսնու կողմից դաժանաբար խոշտանգված Մարիամ Գևորգյանի (նկարում` ձախից) գործով հերթական դատական նիստը հետաձգվել է: Այսօր Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեքթաշյանը նման որոշում է կայացրել, քանի որ Մարիամի ամուսին Դավիթ Զիրոյանը չէր ներկայացել դատարան: Տուժողի իրավունքները ներկայացնող Նոնա Գալստյանի միջնորդությամբ` հաջորդ նիստը կայանալու է Արտաշատի դատարանում, որպեսզի հնարավորություն լինի նիստը ձայնագրել,  ինչը անհրաժեշտ է, քանի որ դատարանը բավարարել է առաջին կնոջ` Մելինե Բայաթյանի միջնորդությունը` նիստերն անցկացնել դռնփակ: Այս որոշմանը, ի դեպ, դեմ է Մարիամի շահերը պաշպանող իրավաբանը: Ըստ Գալստյանի` գործի փակ քննությունը կարող է խոչընդոտել արդար դատավարությանը:

Կողմը համարում է, որ դատավորը կողմնապահություն է դրսևորում, ուստի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է:

Նշենք, որ Մարիամին սատարում է նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կորալիցիան»: Կոալիցիայի անդամ ՀԿ-ներն այսօր Վեդու դատարանի մոտ ակցիա են անցկացրել` պահանջելով բաց դատավարություն:

Հիշեցնենք, որ Դավիթ Զիրոյանը և նրա մայր Հայկանուշ Միքայելյանը 2005-ից 2010 թվականների ընթացքում կենցաղային իրերով` դանակով, շերեփով, աթոռով պարբերաբար ծեծել են Զիրոյանի կանանց, ստիպել նրանց օճառ կուլ տալ, մեկ ոտքի վրա կանգնեցրել չջեռուցվող սենյակում:

2011 թվականին Դավիթ Զիրոյանի դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 118 (ծեծ) հոդվածներով, սակայն նախաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը և, 2011 թվականի մայիսին համաներում ստանալով, խուսափել է քրեական պատասխանատվությունից: Հետագայում գործը հնչեղություն է ստացել hetq.am կայքի հրապարակման շնորհիվ, և Հայկանուշ Միքայելյանին Սանկտ-Պետերբուրգից արտաքսել են Հայաստան, որտեղ էլ մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի 113 և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Նախաքննության փուլում Զիրոյանի առաջինը կինը բողոքում նշել է, որ սկեսուրի ծեծի հետևանքով է իր մի աչքը կուրացել, ուստի մեղադրանքը առաջադրվել է 112 հոդվածով (ծեծելով ծանր մարմնական վնասվածքներ հասցնել): Սակայն  հետագայում Մելինե Բայաթյանը հետ է վերցրել իր ցուցմունքի այդ հատվածը, ինչի պատճառով էլ մեղադրանքը մեղմացվել է:

Լուսանկարը` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի

Tekali Taxi