Home / Տեսանյութեր / Երևանում առևտրի կենտրոնի կառուցումը նպաստում է հարակից տների փլուզմանը (ՖՈՏՈ)

Երևանում առևտրի կենտրոնի կառուցումը նպաստում է հարակից տների փլուզմանը (ՖՈՏՈ)

Այսօր առավոտյան Արշակունյաց 32 հասցեում շինության կառուցապատման վրա աշխատող մի բանվոր հարևանությամբ գտնվող Կույբիշևի 9/3  տան բնակիչներին զգուշացրել է, որ իրենք պատրաստվում են փորման աշխատանքներ իրականացնել, ուստի խնդրել են բնակիչների այդ ժամանակ տանը չգտնվել, քանի որ հնարավոր է այն քանդվի:

Վերոնշյալ տան բնակիչ Թամարա Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կառուցապատումը սկսվել է երկու տարի առաջ, ինչի հետևանքով քանդվել է այդ տարածքի կոյուղագիծը, և հինգ տներ այդքան ժամանակ կոյուղագիծ չեն ունեցել: Բացի դա, շինարարության արդյունքում այդ տները զրկվել են նաև արևի լույսից:

Միասյանը տեղեկացրել է, որ այդ վայրում կառուցվում է զվարճանքի ու առևտրի կենտրոն, իսկ շինարարությունն իրականացնում է «Շենտավր» ընկերությունը:

«Հենց մեր տան պատուհանի մոտով երեք հարկանի ճանապարհ է անցնելու ու մեր հարևանի պատը արդեն փակել են, հիմա անցնելու են մեր կողմ: Մենք երկու անգամ դիմել ենք քաղաքապետարան, դիմում-բողոքով ու ոչ մի պատասխան դեռ չենք ստացել: Այսօր նորից հայրիկս գնաց և դիմում տարավ», – ասել է Թամարա Մինասյանը:

Բնակիչները նշել են նաև, որ քանդվել են այդ տների հիմքերը և դրանք ամեն պահի կարող են փլվել:

Կույբիշև 9/4 տան բնակչուհի Նինա Փարզյանի լիազոր ներկայացուցիչ Շանթ Հովհաննիսյանը նշել է, որ տան զուգարանն են քանդել և մինչ օրս խոստանում են, որ կկառուցեն, բայց այդպես էլ խուստումը չեն կատարել:

Շանթ Հովհաննիսյանը և Թամարա Մինասյանը նշել են, որ իրենց ինչ-որ փոխհատուցում առաջարկում են, որպեսզի գնան այլ տեղում տուն գնեն, բայց դա այնքան քիչ է, որ հնարավոր չէ տվյալ գումարով բնակարան գտնել: Բնակիչը գումարի չափը չի նշել:

Tekali Taxi