հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը Երևանում արեց այն, ինչ իրենից սպասում էին

Հայաստանի հավաքականը Երևանում արեց այն, ինչ իրենից սպասում էին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Երևանում վստահ հաղթանակ տարավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ: Դեռևս առաջին խաղակեսում մեր թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Երկու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, ևս մեկ գնդակ խփեց Յուրա Մովսիսյանը:

Երկրորդ խաղակեսում հաշիվը չփոխվեց՝ 3:0, չնայած մեր թիմը գոլային մի քանի պահ ստեղծեց: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականն իրենց դրսևորեց որպես կարգով ակնհայտորեն ավելի բարձր թիմ, որը հաղթանակ տոնեց ավելի որակյալ թիմային խաղի շնորհիվ: Մոտավորապես նման խաղ մենք կարող ենք ակնկալել 2014 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին խաղում՝ Մալթայի հավաքականի դեմ:

Չնայած վստահ հաղթանակին, այս խաղում մեր թիմը խնդիրներ նույնպես ուներ՝ հիմնականում կապված պաշտպանության հետ: Դեռևս առաջին կեսում ղազախները 100 տոկոսանոց պահ կորցրեցին, երբ ստանդարտի խաղարկումից հետո մրցակցի խաղացողը գլխով հարվածում էր մոտ տարածությունից, սակայն հարվածը բարձր ստացվեց: Անհանգստացնող դրվագներ եղան նաև երկրորդ կեսում:

Մեծ հաշվով այս հանդիպումը Հայաստանի հավաքականի ընկալման առումով գրեթե ոչինչ չփոխեց. մեր ընտրանին այսօրվա դրությամբ այն թիմն է, որը կարող է, չնայած խնդիրների առկայությանը, պայքարել աշխարհի յուրաքանչյուր հավաքականի դեմ, իսկ կարգով ավելի թույլ թիմերին, ինչպես Կանադային կամ Ղազախստանին, ունակ է վստահ հաղթել:

Ընտրական փուլին ընդառաջ մարզիչները դեռևս փորձարկումների և խնդիրներին լուծումներ գտնելու ժամանակ ունեն: Հայաստանի հավաքականի վերջին ստուգատեսը կլինի օգոստոսին 15-ին Երևանում կայանալիք Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպումը: