Home / Հայաստան / Բնակիչները պայքարում են բակի այգու համար. ծիրանենիներն արդեն կտրել են (ՖՈՏՈՇԱՐՔ)

Բնակիչները պայքարում են բակի այգու համար. ծիրանենիներն արդեն կտրել են (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետարան էին եկել իրենց բողոքը ներկայացնելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները արտասվելով պատմում էին, թե օրեր առաջ ինչպիսի սպանդի են ականատես եղել իրենց շենքի բակում: Բողոքողների խոսքով` մինչ իրենք պայքարել են կեղծ հիմքերով 1 տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանի (ում նրանք խանութպան Արսեն էին անվանում) անօրինական գործողությունների դեմ՝ դիմելով տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան, գործարքը չեղյալ համարելու համար, 2011 թվականի մարտ ամսին Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա վերացրել է 5 օր առաջ` հունիսի 6-ին:

«Օրը ցերեկով՝ ընդմիջման ժամին, ընդամենը 20 րոպեում մեր բակը վերածվեց գերեզմանի, «Դրուժբա» էլեկտրական սղոցը հատեց ամբողջ այգին: Չէինք հասկանում՝ ի՞նչ է կատարվում, ոչնչացրին մեր վերջին հույսը՝ 6 ծաղկած ու արդեն բերք տված ծիրանենիները: Այնպիսի սահմռկեցուցիչ տեսարան էր, ասես սպանում էին հղի կնոջը: Ամբողջ շենքով՝ տարեց, թե մանուկ հեկեկում էինք: Չգիտեինք ի՞նչ անել, չէինք հասկանում, վազվզում էինք այս ու այն կողմ ու մինչ կկողմնորոշվեինք իջնել բակ, ամեն ինչ արդեն ավարտված էր», – պատմել են բնակիչներն ու ավելացրել, որ իրենք դիմել են ոստիկանություն, որտեղից պատասխան են ստացել, թե ոչինչ հնարավոր չէ անել` սեփականաշնորհված տարածք է:

Բնակիչները պատմել են, որ օրեր շարունակ նույն տարածքի սեփականատեր Արսեն Մկրտչյանը պարբերաբար թույն է լցրել ծառերի արմատներին, որպեսզի դրանք չորանան, իսկ երբ տեսել է, որ ծառերը դեռ կանգուն են, որոշել է կտրելով վերջ տալ:

Մի կողմից հատում էին, մյուս կողմից բարձում մեքենաներն ու տանում: Երբ բնակիչներով պատառոտեցինք այգին շրջափակած ցելոֆանե պատնեշները, արդեն ուշ էր. ծիրանի ցոգոլները թափված էին այգով մեկ», – պատմում էր 72-ամյա բնակչուհի Վալենտինա Փալանջյանը:

Բնակիչների պահանջը մեկն է՝ վերջ տալ բակերը սեփեականաշնորհելուն, դրանք հատկացնել մանուկներին ու ծերերին:

«Տարի ու կես Շիրազի 10 հասցեի բնակիչ խանութպան Արսենը կեղծ հիմքերով խլեց մեզանից մեր բակի տարածքը: Փաստաթղթերում ամեն ինչ կեղծ է, ու մենք բարձրաձայնում ենք այդ կեղծիքի մասին, սակայն ոչ մեկը մեզ պատասխան չի տալիս: Ասում են՝ դիմեք դատարան, դատարանն էլ հարցնում է՝ ձեր ո՞ր իրավունքն է խախտվել որ բողոքում եք: Ինչպե՞ս թե չի խախտվել՝ 1972 թվականին կառուցվել է 14 շենքը, իսկ 1975-ին՝ 10 շենքը ու 14 շենքի երիտասարդ բնակիչները ցանկապատել են բակը, մաքրել, ծառատնկել ու խնամել մինչև 2011 թվականի մարտ ամիսը: Կանաչ այգի էր, մեր երեխաների խաղահրապարակն ու տարեցների հանգստի գոտին: Այգում թիթեղյա 5 քմ-անոց տնակ կար (տնակում պահվել են այգու ոռոգման ու խնամքի համար նախատեսված տարբեր իրեր – խմբ.), որն էլ հիմք է հանդիսացել քաղաքապետարանին՝ սեփականության իրավունքով հարակից 100 քմ հողատարածքով տրամադրել Արսեն Մկրտչյանին: Այս ամենն արվել է այն դեպքում, երբ օրենքով սահմանված 20 քմ-ից պակաս շինությանը սեփականության վկայական չի տրամադրվում: 5 քմ-ը, դիտելով որպես 20 քմ-անոց քարե շինություն, տրամադրել են խանութպանին, ով էլ մեր կանաչ տարածքների սպանդի գլխավոր հեղինակն է», – պատմել է բակի բնակիչ Գայանե Եղիազարյանն ու հավելել, որ շուրջ մեկ տարի է՝ իրենք բողոքում ու ահազանգում են, իսկ Արսեն անպատիժ է մնում:

«Փաստաթղթերը դատարանում գտնվում են վարույթի մեջ, իսկ նա ստանում է շինթույլտվություն՝ եռահարկ սուպերմարկետ ու առանձնատուն կառուցելու համար», – պատմել են բորբոքված բնակիչները: Նրանց խոսքով` հիմա Քաղաքապետարանն իրենց հեքիաթներ է պատմում՝ թե գնացեք, վաղը եկեք և այլն:

«Ոչ մի դեպքում չենք լռելու, պառկելու ենք ցանկացած շինտեխնիկայի առաջ, որը բակ կմտնի, պահանջում ենք անվավեր ճանաչել խանութպանի ապօրինի ձեռք բերած սեփականության վկայականն ու պատասխան տալ հատված ծառերի համար»,-եզրափակել են բնակիչները:

Նրանցից երեքը գրանցվել են հինգշաբթի օրվա ընդունելության համար, որի ընթացքում էլ պատրաստվում են իրենց խնդիրը ներկայացնել:

Ի դեպ՝ Վալենտինա Իվանովնային, ով ամբողջ ակցիայի ընթացքում արտասվում էր, ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով ուղեկցել են Քաղաքապետարանի շենք, որտեղ նրան օգնություն է ցուցաբերել բժիշկը:

Tekali Taxi