հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Թուրքիան այլևս Ֆրանսիայից նեղացած չէ Ցեղասպանության մասին օրինագծի համար

Թուրքիան այլևս Ֆրանսիայից նեղացած չէ Ցեղասպանության մասին օրինագծի համար

Թուրքիան պատրաստվում է վերացնել Ֆրանսիայի հանդեպ կիրառված մի շարք պատժամիջոցները, որոնք պայմանավորված էին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ: Այս մասին CNN Turk-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նախարարը մտադիր է հուլիսի 5-ին Փարիզ այցելել և քննարկել երկու երկրների միջև առկա հարաբերությունների նոր փուլը:

«Որոշ գործիչներ ցանկանում էին փչացնել մեր հարաբերությունները, բայց լավ է, որ այդ ժամանակահատվածն անցյալում է: Եվ մենք մտադիր ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները: Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները նոր փուլ են թևակոխում: Առաջիկա երկկողմանի հանդիպմանը կողմերը կքննարկեն Անկարայի պատժամիջոցները Փարիզի դեմ»,-ասել է Դավութօղլուն:

Նշենք, որ նախօրեին Բրազիլիայում ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» կոնֆերանսի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև հանդիպում է տեղի ունեցել: 40 րոպե տևած բանակցությունների ընթացքում նշվել է, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները նոր փուլ են մտել:

Ինչպես նշում է «Անադոլու» գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են նաև նպաստել Թուրքիայի` ԵՄ մտնելու գործընթացին: Հանդիպման ընթացքում Էրդողանը Օլանդին Թուրքիա է հրավիրել, վերջինս չի մերժել թուրք առաջնորդի հրավերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց, որը պատիժ էր նախատեսում Հայոց Ցեղասպանությունը ժխտողների համար: Երկրի Սահմանադրական խորհուրդը ավելի ուշ չեղյալ էր հայտարարեց տվյալ օրինագիծը: