Home / Հայաստան / Ստամբուլի հայերը հին դպրոցը հյուրանոց կդարձնեն. եկամուտը կփոխանցեն համայնքին

Ստամբուլի հայերը հին դպրոցը հյուրանոց կդարձնեն. եկամուտը կփոխանցեն համայնքին

Ստամբուլի Կետիկփաշա թաղամասում գտնվող հայկական պատմական Մեսրոպյան դպրոցը հյուրանոց կդառնա:

Կետիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցի հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլին թեմայի շուրջ զրուցել է Hürriyet Daily News պարբերականի հետ և բացատրել, որ  այդ քայլի հիմնական պատճառը վերջին տարիներին կառավարության կողմից որդեգրած ավելի մեղմ քաղաքականությունն է:

«Մինչ 2008 թվականը, մենք չէինք կարող անգամ մի մեխ խփել մեր սեփականությունը հանդիսացող շինության վրա, սակայն 2008-ից հետո ամեն ինչ փոխվեց: Նախորդ տարի ընդունված Հիմնադրամների օրենքի շնորհիվ կարող ենք վերադարձնել մեր սեփականությունը»,-ասել է նա:

Տվյալ շինությունը, որը պետք է հյուրանոց դառնա, կառուցվել է 1900-ականներին, մինչ 1983 թվականն այն ծառայել է որպես դպրոց, սակայն փակվել է աշակերտների բացակայության պատճառով:

Այնուհետև շենքն օգտագործվել է որպես կոշիկի խանութ:

Նոր հյուրանոցից ստացված եկամուտը, ըստ Շանլիի, փոխանցվելու է Ստամբուլի հայկական հիմնադրամներին և օգտագործվելու է կարիքավոր մարդկանց օգնելու համար:

Շանլին հավատացած է, որ հյուրանոցը մեծ պահանջարկ կունենա քաղաքի կենտրոնում գտնվելու պատճառով:

«Հուսով եմ քաղաքային իշխանությունները շուտով մեզ համար դրական որոշում կկայացնեն նաև Բեյօղլու թաղամասում գտնվող Թոքատլյան հյուրանոցի վերաբերյալ, որը ավերակների է վերածվել և կկարողանանք այն կրկին շքեղ հյուրանոցի վերածել, ինչպես նախկինում», – ասել է հիմնադրամի ղեկավարը:

Շանլին վստահություն է հայտնել, որ եթե Թոքատլյանը նույնպես նորացվի Կետիկփաշայի հյուրանոցի նման, հայկական համայնքն այլևս ֆինանսական խնդիրներ չի ունենա:

«Ներկայումս մենք խնդիրներ ունենք մեր եկեղեցիների, դպրոցների, կարիքավոր ընտանիքների համար միջոցներ հայթայթելու հարցում: Մենք փորձում ենք ծայրը ծայրին հասցնել ներդումներինց և որոշ կոնկրետ միջոցառումների ստացվող հասույթների շնորհիվ», – իրավիճակը բացատրել է Հարություն Շանլին:

Tekali Taxi