Home / Հայաստան / Բժիշկները չեն պարզել՝ ծեծված զինծառայողի տատիկը ինսուլտ է տարել, թե՝ ոչ. սպասում են նախարարի հրամանին

Բժիշկները չեն պարզել՝ ծեծված զինծառայողի տատիկը ինսուլտ է տարել, թե՝ ոչ. սպասում են նախարարի հրամանին

ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելիս ուշագնաց եղած, այնուհետ հիվանդանոց տեղափոխված 55-ամյա Գոհար Չիֆլիկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անորոշ ծանր: Մինչ այժմ բժիշկները չեն պարզել, թե ինչն է դարձել կնոջ ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառը: Այսօր Epress.am-ի հետ թղթակցի հետ զրույցում Չիֆլիկյանի դուստրը՝  Շամիրամ Միքայելյանը, պատմել է, որ հետազոտության համար բժիշկները սպասում են ՀՀ Առողջապահության նախարարության հրահանգին ու  անհրաժեշտ ստորագրությամբ փաստաթղթերի:

«Մինչև նախարարությունը հրաման չտա, մորս չեն հետազոտի: Բժիշկն ասաց, որ հնարավոր է՝ մայրս ինսուլտ տարած լինի, ինչը կպարզվի միայն միջուկա-մագնիսային ռեզոնանսի (Յամեր) հետազոտությունից հետո», – նշել է Միքայելյանը, ով երեկ առավոտյան հացադուլի էր նստել կառավարության շենքի մոտ, այնուհետ, մորը հիվանդանոց տեղափոխելուց հետո, հայտարարել, թե որոշ ժամանակով դադարեցնում է այն:

Այս պահին Չիֆլիկյանը գտնվում է թիվ 2 կլինիկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեկ  նա վատացել էր աղջկա հետ ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա անցկացնելիս, այն պահին, երբ մայրն ու աղջիկը զրուցելիս են եղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:

Չիֆլիկյանին տեղափոխել էին հիվանդանոցի Նյարդաբանական, այնուհետ  ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Շամիրամ Միքայելյանին  աջակցող «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները երեկ  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, և նամակով խնդրել հոգալ Գոհար Չիֆլիկյանի բուժման ծախսերը:

Դումանյանը կնոջ հետազոտելու հարցում  խոստացել էր օգնել:

«Մայրս շատ թույլ է ու գրեթե հազիվ է կարողանում հասկանել՝ ինչ է ասում: Եթե երեկվա դրությամբ չէր արձագանքում շրջապատին, ապա այժմ  կարողանում է ձեռքով  շարժումներով ինչ-որ բան բացատրել: Քիչ առաջ մի կերպ կարողացա կերակրել», – Epress.am-ի թղթակցին ասել է Միքայելյանը:

Հիշեցնենք, որ 39-ամյա Շամիրամ Միքայելյանը ունի երկու պահանջ. քրեական պատասխանատվության ենթարկել Սիսիանի 60919 զորամասի սպաներին` իր որդուն` 19-ամյա Ռուբեն Միքայելյանին դաժան ծեծի ենթարկելու և ինքնասպանության փորձի հասցնելու համար:

Լուսանկարում՝ Շամիրամ Միքայելյանը և  “Բանակն իրականում” նախաձեռնող խմբի անդամ Սեդա Մելիքյանը` հիվանդանոցի բակում

Tekali Taxi