Home / Հայաստան / Բնապահպանը վայրի արջի փոխարեն անտառում հանդիպել է ծանր տեխնիկայի. նամակ

Բնապահպանը վայրի արջի փոխարեն անտառում հանդիպել է ծանր տեխնիկայի. նամակ

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը բաց նամակի տեսքով ահազանգել է Տավուշի մարզում անտառահատումների վերաբերյալ, որոնք, նրա նկարագրությամբ, տեղի են ունենում Իջևանի արգելավայրի և նրան հարակից տարածքներում:

Նախարարությանն ուղղված բաց նամակու, մասնավորապես, ասված է .

«Հարգելի բնապահպանության նախարարություն, ձեզ գրում է ձեր աչալուրջ հսկողության տակ գտնվող ՀՀ բնության սիրահար Գոռ Հովհաննիսյանը: Հաշվի առնելով Դիլիջանի և Իջևանի մեր ընկերների կողմից ապօրինի անտառահատումների մասին վերջերս բազմաթիվ անգամ հնչեցված ահազանգերը` որոշեցինք ինքներս այցելել այնտեղ` ամեն ինչ մեր աչքով տեսնելու համար: Քայլել սկսեցինք Հաղարծինից, որտեղ որոշ տեղերում անտառների աղտոտվածությունը հոլլիվուդյան սարսափ ֆիլմերի սցենար է հիշեցնում: Սակայն ձեր հսկողության արդյունքները ավելի պարզ դարձան, երբ երկրորդ օրը հասանք Իջևան լեռան և Հովք լեռան ստորոտին գտնվող անտառներին: Այնտեղ անտառը գրեթե ամբողջովին վերացած էր: Հուսով եմ, որ պետական այրերը այնքան անմիտ չեն գտնվել, որ հենց իրենք թույլ տան կուսական անտառների սրտում անտառահատում իրականացնել: Բայց դե դա դեռ ոչինչ:

Երբ քայլեցինք դեպի ավելի խորքերը, որտեղ մի պահ վախեցանք անգամ դեմ առ դեմ հանդիպել վայրի արջին, հանդիպեցինք ծանր տեխնիկայի` УРАЛ, трактор, УАЗ և բոլորը առանց պետհամարանիշների: Երևի արդեն գուշակեցիք թե նրանք ինչ էին անում` անտառն էին ուտում, որը դուք ամենայն պատասխանատվությամբ պահպանում եք և այդ չարքաշ աշխատանքի համար մեր վճարած հարկերից աշխատավարձ եք ստանում: Խնդրեցինք և հետո պահանջեցինք փաստաթղթերը: Չստացանք: Հետո սկսեցինք այդ ամենը նկարահանել և մեր ձեռքից վերձրեցին նկարահանող սարքը, ջնջեցին ամեն ինչ և նոր միայն վերադարձրեցին: Իմիջիայլոց բոլոր բարի խոսքերը, որոնք մենք հրաժեշտի պահին ասեցինք միմյանց, երևի առաջին հերթին ուղղենք այն բարի և ուրիշ իմաստով բնասեր մարդկանց, ովքեր աշխատանքի վայրում խորը քուն են մտնում կամ ամենայն հավանականությամբ նույնիսկ մասնաբաժին ունեն վաճառվող փայտի եկամտից: Երրորդ օրը հասանք Օկոն բնակավայր:

Կներեք, որ տեղանուններ եմ տալիս, որոնց մասին երևի միայն լսել եք: Այնտեղից արդեն սկսվեց լսելի դառնալ ամեն կողմից հնչող էլեկտրական սղոցների կատարյալ սիմֆոնիան: Համոզված եմ, որ այդ երաժշտության դիրիժորին նույնպես լավ եք ճանաչում, հակառակ դեպքում այն այդքան բարձր և համարձակ չէր լսվի նույնիսկ բոլորիս (իհարկե ոչ ձեր) կողմից սիրելի հանգստավայր Լաստիվերի մերձակա անտառներում: Էլ ինչ գլուխներդ ցավացնեմ, երևի արդեն իմ նման մարդիկ անիմաստ շատ են ցավեցրել: Կարճ ասած ուզում եմ իմ խորին երախտիքս հայտնել ձեզ` բոլոր-բոլոր-բոլորին աշխատանքը հիասքանչ կատարելու համար»:

Tekali Taxi