Home / Հայաստան / Հայաստանյան թիմերը հաջողություններ են գրանցել եվրագավաթներում

Հայաստանյան թիմերը հաջողություններ են գրանցել եվրագավաթներում

Հայաստանի ակումբային ֆուտբոլի վերջին տարիների անհաջողությունների ֆոնին երեկ հայաստանյան երեք թիմեր փայլուն արդյունք գրանցեցին Եվրոպայի լիգայում:

Երեք խաղում մեր թիմերը պարտություն չկրեցին` երկու հաղթանակ տանելով և խաղերից մեկն ավարտելով ոչ-ոքի:

Հաղթանակած թիմերից մեկը` Երևանի «Փյունիկը», Չեռնոգորիայում 2:1 հաշվով պարտության մատնեց «Զետային»: Երևանյան ակումբը դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին խաղում սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն էր կրել: Կարևորը, սակայն, այն էր, որ «Փյունիկն» այդքան անհրաժեշտ միավորներն բերեց Հայաստանին ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակում:

Կապանի «Գանձասարը» Երևանում 2:0 հաշվով պարտության մարտնեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրին», ինչը հնարավորություն տվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Առաջին խաղում կապանցիները պարտվել էին 1:3 հաշվով, սակայն հաղթահարել են «Ստրեյմուրի» արգելքը շնորհիվ մրցակցի հարկի տակ խփած գնդակի:

«Շիրակը» Գյումրիում 1:1 ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ և նույնպես հաջորդ փուլ դուրս եկավ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 1:0: Թե «Շիրակի», թե «Գանձասարի» պատմության ընթացքում նման հաջողությունն առաջինն էր:

Հարկ է նշել, որ մեր թիմերի մրցակցիները բավական թույլ էին, հատկապես «Գանձասարի» դեպքում: Այնուամենայնիվ, մեր թիմերը կարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները, ինչը չէր հաջողվում վերջին տարիների ընթացքում:

Երկրորդ փուլում «Շիրակը» կխաղա իսրայելական «Բնեյ Յեհուդա» ակումբի հետ, որին Երևանի «Ուլիսը» պարտվել էր երկու տարի առաջ, իսկ «Գանձասարն» ուժերը կչափի շվեյցարական «Սերվետի» հետ: Երկու դեպքում էլ մեր թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ հուլիսի 19-ին:

Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին:

Լուսանկարը` armfootball.com

Tekali Taxi