Home / Հայաստան / Դատարանը մերժել է Օսկանյանի հայցը. պատգամավորը հիշել է ՀԱԿ-ի ակտիվիստներին

Դատարանը մերժել է Օսկանյանի հայցը. պատգամավորը հիշել է ՀԱԿ-ի ակտիվիստներին

Այսօր դատարանը մերժել է «Սիվիլաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը, որով վերջինս պահանջում էր կարճել փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը: Այս մասին Վարդան Օսկանյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Բողոքարկման հիմնական շարժառիթն այն էր, որ մեր դատաիրավական պատմությունում կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որում ասված է՝ եթե չկա նախորդող հանցագործություն, չի կարող գոյություն ունենալ փողերի լվացման հանցակազմ:

Դժբախտաբար դատարանն արհամարհեց նախադեպային այս որոշումը և մերժեց գործի կարճման դիմումը: Մենք կշարունակենք ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչև Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը», – գրել է Օսկանյանը և նշել, որ այսօրվա վճիռը իրեն ևս մեկ անգամ համոզել է, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի:

«Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որևէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ:

Խոսելով դատական վճիռների մասին՝ չեմ կարող հիասթափությունս չհայտնել նաև մի քանի օր առաջ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի որոշման կապակցությամբ: Չխորանալով դեպքի մանրամասների մեջ՝ զուտ ելնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով խտրական արդարադատությունը, քաղաքական հաշվեհարդարները, խեղված արժեհամակարգերը՝ կարծում եմ, որ դատարանը անընդունելի որոշում է կայացրել», – եզրափակել է Օսկանյանը:

Tekali Taxi