Home / Հայաստան / Սիլիկյան թաղամասի բնակիչների հողերը ներքին կարգով աճուրդի են հանել. բողոքի ակցիա

Սիլիկյան թաղամասի բնակիչների հողերը ներքին կարգով աճուրդի են հանել. բողոքի ակցիա

Այսօր ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա են անցկացրել Սիլիկյան թաղամասի մի խումբ բնակիչներ: Epress.am-ի հետ զրույցում նրանք ասել են, որ իրենք 2002 թվականին լուծարված «Նաիրի» գյուղմթերքների կոոպերատիվի հողատարածքների վարձակալներն են:

Բնակիչների խոսքով՝ կոոպերատիվի գյուղմշակման հողերը լուծարումից հետո բաժանվել են թվով 89 տնտեսության:

«Թաղապետարանում՝ նախկին  թաղապետ Արծրուն Խաչատրյանի ստորագրությամբ, մեզ տվել են պայմանագրեր՝ 10 տարի ժամկետով: Պայամանագիրը տվել են 2002 թվականի դեկտեմների 13-ին, իսկ ժամկետը վերջանալու է այս տարվա դեկտեմբերի 13-ին, բայց մեր հողերը 2 տարուց ավել է, ինչ ներքին կարգով աճուրդի են հանել: Քաղաքապետարանի, ճարտարապետական վարչության, կադաստրի պետական կոմիտեի աշխատողները վերցրել են մեր հողերը ու հիմա մեզ ասում են՝ դուրս եկեք, սրանք մեր հողերն են», – պատմել է ակցիայի մասնակից Գուրգեն Պետրոսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները փաստել են, որ իրենցից շատերը բնակվում են այդ հողատարածքներում, իսկ հիմնական մասը  զբաղվում է հողատարածքների մշակմամբ:

«Ես ընտանիքով ապրում եմ այդ հողի մեջ տեղադրված վագոն տնակում: 11 տարի է, ինչ աշխատում եմ այս պետության համար՝ Հայաստանում  ու Ղարաբաղում սահման չկա, որտեղ ես եղած չլինեմ, փոխանակ այսօր պետությունն ինձ աջակցի, մի բան էլ եկել ու ասում են դուրս արի: Հիմա ես իմ 3 ամսական երեխուն ո՞ւր վերցնեմ գնամ, ասեք՝ իմանամ: Մի քանի հարուստի էս պետությունը հող է ծախում, որ իրենք գան, իմ թևից վերցնեն ու շպրտեն դո՞ւրս», – ասել է պայմանագրային զինծառայող Սմբատ Տոնապետյանը (լուսանկարում):

Ակցիա անցկացնողները ընդգծել են, որ հողերը վաճառքի հանելուց առաջ իրենց պարտավոր էին գրավոր տեղեկություն ուղարկել, ու եթե իրենք ստորագրեին, որ հրաժարվում են, միայն այդ դեպքում կարող էին հանել աճուրդի:

«Գնացել ենք թաղապետարան` 5 անգամ, մեզ ասում են, որ թաղապետի ստորագրությամբ թուղթը անվավեր է: Մեզ ասում են՝ գնացեք, վերևներում անմշակ հողեր կան, մշակեք ու ապրեք: Ոչ մի կերպ չենք կարողանում հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բազմիցս գնացել ենք քաղաքապետարան, սակայն ոչ ոք մեզ չի ընդունել: Մենք համոզված ենք , որ քաղաքապետը տեղյակ չէ մեր խնդրից, այլապես քայլեր կձեռնարկեր», – ասել է Գուրգեն Պետրոսյանն ու հավելել, որ չեն պատրաստվում հենց այնպես թողնել իրենց կողմից մշակված հողերը:

Սիլիկյան թաղամասի բնակիչները նշել են, որ իրենք պահանջում են 5 տարի ժամանակ տրամադրել ու պայմանագիր կապել իրենց հետ:

«Կադաստրային արժեքով՝  1քմ-ը 2940 դրամով կվճարենք ու կսեփականացնենք հողերը: Եթե 5 տարում չվճարեցինք, թող մեզանից  վերցնեն հողերը», – ընդգծել են բնակիչները՝ ավելացնելով, որ 2008 թվականից արդեն իրենց մուծած հողի հարկերը չեն ընդունում:

Tekali Taxi