Home / Հայաստան / Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները բացատրել են՝ ինչու են դժգոհ նախաքննությունից

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները բացատրել են՝ ինչու են դժգոհ նախաքննությունից

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկելու օրը (հունիսի 17) 6 մեղադրյալներից 5-ը, բացի մատուցողից, ուղեկցել են Հայրապետյանին Երևանից մինչև Սևան գնալու և վերադառնալու ճանապարհին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը: Նշենք, որ այդ մեղադրյալները քրեական գործի նյութերում նշված են որպես «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ և ներկայացված են նրանց աշխատանքային պայմանագրերը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան Վահե Ավետյանը իր 3 ընկերների հետ ծեծի էր ենթարկվել «Հարսնաքարում»: Ավետյանը ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում 12 օր անց: Ձերբակալված 6 անձանց դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի 1 և 6 կետերով, այն է՝ մի խումբ մարդկանց կողմից երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որը ենթադրում է 5-10 տարվա ազատազրկում:

Այսօր լրագրողներին ներկայացրած հայտարարության մեջ Եգորյանը և Հակոբյանը նշում են, որ Հայրապետյանին ուղեկցելու փաստն ապացուցում է, որ հակառակ գործում առկա կեղծ պայմանագրերի և Ոստիկանության ՀԿԳ քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանի պնդումների, այս մարդիկ եղել են Ռուբեն Հայարպետյանի անձնական թիկնազորի անդամները: Այս առնչությամբ ավելի վաղ փաստաբանները միջնորդել էին քննչական խմբին՝ որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին և պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, սակայն, ի պաատսխան, նրանց այս միջնորդությանը քննիչ Ռուբեն Մկրտչյանն ասել էր, որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում:

Փաստաբանները նաև նշում են, որ Վահե Ավետյանի մոտ հիվանդանոց տեղափոխվելուց հետո համակարգչային հետազոտությամբ արձանագրվել են, մասնավորապես, ցավային գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայություն, գլխուղեղի մոտ 4 սմ դիսլոկացիա աջից ձախ, նրան ախտանիշ է դրվել գլխուղեղի մահ, այն է՝ գլխուղեղի կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարում, ինչը քրեաիրավական առումով համարժեք է մարդու մահվան:

«Գործի նյութերում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված այս տվյալների պարագայում արվել է դրանցից չբխող, ակնհայտ սխալ հետևություն այն մասին, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար, իսկ տվյալ դեպքում՝ հանգեցրել է մահվան: Չհամաձայնելով այս հետևության հետ և խորհրդակցելով ոլորտի լրջագույն մասնագետների հետ՝ մենք պահանջել ենք նախաքննությունն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն՝ հրավիրելով Հանրապետության բոլոր հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժինների ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե արդյոք մենք գործ ունենք «տվյալ դեպքում մահվան հանգեցրած» վնասվածքների, թե՝ ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ», – նշում են փաստաբանները՝ ընդգծելով, որ Ռուբեն Մկրտչյանն առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է այս միջնորդությունը՝ զրկելով պաշտպաններին նախաքննության օբյեկտիվության նկատմամբ կասկածները փարատելու հնարավորությունից:

Հայտարարության մեջ փաստաբանները նաև արձանագրում են, որ գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ կոպտագույն խախտումներով, իսկ իրենց՝ որպես տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների առջև հետևողականորեն հարուցվել են լրջագույն խոչընդոտներ՝ վարույթին ներգրավվելու, գործին ծանոթանալու, դրա վերաբերյալ իրենց միջնորդությունները ներկայացնելու և նախաքննության փուլում պատշաճ մասնակցություն ունենալու հարցերում:

Փաստաբանները հայտարարել են, որ պայքարելու են այս ապօրինությունների դեմ մինչև վերջ:

Tekali Taxi