ԱԺ Էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորների վերաբերյալ դիմումներ է ստացել, գրում է «Հայկական ժամանակը»: Մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ է, մեկը՝ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի, մյուսը՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի:
Կարո Կարապետյանի դեմ դիմումը ներկայացրել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը, և հանձնաժողովը, ինչպես նշված է ԱԺ կայքում, օգոստոսի 31-ին կքննարկի այդ հարցը: Զադոյանն այն անձն է, ում վրա 2010-ին, ըստ մամուլի հրապարակումների, կրակել էր ԲՀԿ-ական պատգամավորը, և հենց Զադոյանին էլ մեղադրանք էր առաջադրվել՝ դիտավորությամբ պատգամավորի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Զադոյանի պնդմամբ՝ քրգործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները բավարար են՝ Կարապետյանի սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրելու համար:
Հանձնաժողովին մյուս դիմումը Շարմազանովի և Մինասյանի դեմ ներկայացվել է երևանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված՝ նրանց արած հայտարարությունների առնչությամբ: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե հանձնաժողովը այդ դիմումը երբ է քննարկման առարկա դարձնելու, գրում է «ՀԺ»-ն: