Home / Հայաստան / Ում առջև չպետք է խոնարհվի ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում

Ում առջև չպետք է խոնարհվի ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» պարբերականը երկուշաբթի հրապարակել է Վեսլեյան համալսարանի կառավարման պրոֆեսոր Պիտեր Ռատլանդի հոդվածը, որում վերջինս քննադատության է ենթարկում Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի գործողությունները:

«Վերջին օրերին երկու խորհրդանշական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք մեծացրեցին Կովկասում առանց այն էլ լարված մթնոլորտում ատելության պայթյունի վտանգը:

Օգոստոսի 31-ին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բաքու էր արտահանձնվել 8 տարի Բուդապեշտի բանտում պատիժ կրելուց հետո: Վերջինս մեղավոր էր ճանաչվել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ: Այս գործողությունները միասնական դատապարտման արժանացան Վաշինգտոնի, Մոսկվայի և Եվրոպական մայրաքաղաքների կողմից:

Բացի այն, որ այս քայլն ինքն իրենով վիրավորում է արդարադատության հիմնարար սկզբունքներն ու գերագույն օրենքը, ավելի վտանգավոր է այն ուղերձը, որն աշխարհին հղում է այս արարքը. Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ հայերին սպանելը ընդունելի է: Ըստ ամենայնի, այն վիրավորանքը, որ նրանք ապրել են 1992-94 թվականներին՝ հայկական զորքերից կրած պարտության ժամանակ, այնքան հիմնավոր է, որ արադացվում է անգամ դաժան սպանությունը: Սակայն, այս պարագայում դժվար կլինի Ղարաբաղում ապրող հայերին համոզել, որ տարածքային վեճի լուծումը կարող է լինել լուռումունջ վերադարձը Ադրբեջանի իշխանության տակ:

Միայն այս քայլը կարող է զրոյին հավասարեցնել կապերի հաստատման և փոխադարձ վստահության վերականգնման ուղղությամբ տարվող դիվանագետների և ակտիվիստների բազմամյա համբերատար աշխատանքը, առանց որի երազել որևէ խաղաղ լուծման մասին անհնար է:

Այս խնդիրն էլ ավելի բարդացավ մի փոքր նվազ կարևորություն ունեցող, սակայն նշանակալի ժեստով. սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն իր հարգանքն է հայտնել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևին՝ ծաղկեպսակ դնելով Բաքվի կենտրոնում գտնվող նրա հուշարձանին: Պարզ է, որ սա ստանդարտ, պրոտոկոլային գործընթաց է Բաքու ժամանող ԱՄՆ-ի դեսպանների համար: Լուսանկարներում, սակայն, միանշանակ երևում է, ինչպես է դեսպանը գլուխը խոնարհում հուշարձանի առջև, թեև ավելի ուշ Պետդեպի մամլո քարտուղարը հերքում էր այս փաստը:

Պարոն Մորնինգստարի՝ բոլորովին էլ ոչ պատահական ժեստը երկու ոչ ճիշտ ազդանշան է ուղարկում:

Նախևառաջ Ադրբեջանի ժողովրդավար ակտիվիստների համար վիրավորական է տեսնել, ինչպես են Նահանգները վախկոտի պես սատարում բռնապետությանը՝ որպես կառավարման ընդունելի ձև, քայլ, որը սովորական է դարձել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար:

Երկրորդ հերթին, դա ազդանշան էր Հայաստանի համար՝ նրա հիմնական  դաշնակցի՝ Ռուսաստանի, ինչը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանի կառավարության ամրապնդման սկզբունքային կողմնակիցն են: Ռազմավարական շահերը՝ կասպիական նավթը, ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա և Իրանին ճնշելու գործոններն ավելին արժեն, քան այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:

Այս ամենը Հայաստանի համար գրեթե անհնարին է դարձնում ակնկալել, որ ԱՄՆ-ն կարող է անկողմնակալ լինել խաղաղ գործընթացում: Իսկ եթե Միացյալ Նահանգներն իրենց վրա չվերցնեն այդ դերը, ուրիշ ոչ ոք չի վերցնի:

Դիվանագիտությունը վաղուց պտտվում է նման խորհրդանշական քայլերի շուրջ: 1793 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանը Չինաստանում երկրից վտարվել էր այն բանից հետո, երբ հրաժարվել էր կայսրի առջև խոնարհվել: Ավելի ուշ շրջանում ճապոնացի նախարարների կողմից Տոկիոյում ճապոնացի զինվորների հիշատակին նվիրված Յասուկինի տաճարի հուշարձանի այցելությունը Չինաստանում և Հարավային Կորեայում բողոքի ակցիաների առիթ էր դարձել:

Միաժամանակ, երբ 1970 թվականին կանցլեր Վիլի Բրանդը ծնկի եկավ Վարշավայի գետոյի հուշարձանի առջև, նա թերթեց իրականացրած վայրագությունների համար Գերմանիայի ներողությունների էջը: Նույն ոգով Վլադիմիր Պուտինը հաշտության պարզորոշ ազդանշան ուղարկեց, երբ 2010-ին ծնկի եկավ Ստալինի հրամանով իրագործված լեհ սպաների սպանությունների հիշատակի հուշարձանի մոտ:

Կովկասում մենք կարիք ունենք այնպիսի առաջնորդների, ովքեր պատրաստ են հետևել Բրանդի և Պուտինի օրինակին, խիզախությամբ ցույց տալ, որ զղջում են  և նախկին հակառակորդի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել, կարողանալ որոշել, ինչպես պետք է ապրել այսուհետ: Ըստ ամենայնի, մենք դեռ երկար պետք է սպասենք դրան»:

Tekali Taxi