2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Քաղաքական գործչի պերճանքն ու թշվառությունը». Խառատյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Ազգագրագետ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրանուշ Խառատյանին վախեցրել ու բավական շատ իմաստներով հետաքրքրել է պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականին տված բացառիկ հարցազրույցը: Այս մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խառատյանի խոսքով՝ նրան վախեցնում են Հայրապետյանի հնչեցրած սպառնալիքները: Նա նաև հերքել է Հայրապետյանի այն խոսքերը, թե ինքը ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է ակցիաների կազմակերպման հարցում (Հայրապետյանը նշում է, որ Խառատյանը Ռոբերտ Քոչարյանի մարդն է - խմբ.): Ազգագրագետը նշել է, որ ինքը չի համագործակցել որևէ մեկի հետ և առավել ևս գումար չի վերցրել:

Խառատյանը զարմացած է, որ Հայրապետյանը չի հասկանում, թե ի՞նչ է օլիգարխը ու ինչո՞ւ են իրեն տալիս այդ հարցը: Բացի դա, նա նշել է, որ Հայրապետյանը նաև ստախոս է:

«Այս հարցազրույցով ակնհայտ է դառնում  «Հայաստանյան քաղաքական գործիչների պերճանքն ու թշվառությունը: Տվյալ պարագայում պերճանքը Ռուբեն Հայրապետյանի՝ նրա մինչև հիմա ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, մեծահարուստ  լինելն է և այն արտոնությունները, որ նա վայելում է, իսկ թշվառությունը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, օրինակ՝ նրա բացահայտ ստախոս լինելն է», - նշել է Խառատյանը:

Նա նաև անդրադարձել է Հայրապետյանի հարցազրույցի այն հատվածին, որում ՀՀԿ-ականը մեղադրում է բողոքի ակցիայի մասնակիցներին իր տուն գնալու ու ընտանիքի անդամներին ահաբեկելու մեջ:

«Հայրապետյանն ասում է, որ ահաբեկել են իր ընտանիքի անդամներին, բայց հետո, նույն հարցազրույցում պարզվում է, որ իր ընտանիքը այդ ժամանակ ապրել է «Ֆուտբոլի ակադեմիայի» շենքում  և ընտանիքի անդամները չեն ահաբեկվել: Նա սուտ է ասում ու ի սկզբանե կարող էր հարցը այլ կերպ դնել՝  ասենք. «Բա որ  իմ ընտանիքի անդամները տանը լինեին ու ահաբեկվեի՞ն»: Ընտանիքի խնդիրը լուրջ է, բայց ընտանիքի չահբեկվելու համար Հայրապետյանը ինքը պետք է որոշ չափվ վերահսկի իր վարքը, որովհետև հասարակությունը չի կարող չդժգոհել թե նրա, թե նրան ուղեկցողների պահվածքից», - ասել է Խառատյանը:

Ազգագրագետը խորհուրդ է տվել իրավապահներին լրջորեն զբաղվել նրանով, որ   Հայրապետյանն հարցազրույցում պատմել է, թե վկա է եղել Պողոս Պողոսյանի սպանությանը:

«Այսինքն ինքը 1-2 սեղան այն կողմ նստած է եղել ու աչքով տեսել է սպանությունը և հետո ի՞նչ է արել: Ինձ շատ հետաքրքիր է՝ ինքը ուրիշների նման ծլկել ու թաքնվե՞լ է, որ իրեն որպես վկա չկանչեի՞ն, թե ուզեցել է որպես վկա գնալ, սակայն իրավապահները այդպես էլ չեն կանչել, թե ինքն ուզում էր այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մարդը դառնա՞լ: Ամբողջ հարցազրույցում սրա կամ նրա մարդը լինելը Հայրապետյանի համար գլխավոր, առանցքային խնդիր է», - ընդգծել է Խառատյանը՝ հավելելով, որ Հայրապետյանը ասել է, թե  սկզբում եղել է Վազգեն Մանուկյանի «մարդը», հետո ինքը չեղավ Լևոն Տեր- Պետրոսյանի «մարդը», հետո ինքը չեղավ Ռոբերտ Քոչարյանի մարդը, բայց հետո դարձավ  Սերժ Սարգսյանի «մարդը»:

«Հայրապետյանն անընդհատ հիշեցնում է, որ ինքը միակն է, ով չի դավաճանել Սերժ Սարգսյանին: Այս մարդու ուղեղում քաղաքական գործունեության, կողմնորոշումների ու ծրագրերի  տեսակը մեկն է՝ դու այսինչի «մարդն ես»: Դու չգիտես՝ քաղաքական ծրագիրը ինչն է, դու չգիտես քաղաքական առճակատումն ինչ է, չգիտես տարբերությունները, այսինքն այն, ինչ մեր երկրի իրական իրավիճակն է: Այսինքն սրանով պարզ է դառնում, որ Հայաստանի քաղաքական գործիչ չինելը չի նշանակում  Հայաստանի հասարակության խնդիր, չի նշանակում հանրային պրոբլեմ, այլ նշանակում է՝ ում «մարդը» լինել  ու այս տրամաբանությունը ինքը տարածում է ուրիշների վրա», - ասել է Խառատյանը: