Խուլիգանության համար երկուական տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot փանկ խմբի մասնակիցներ Եկատերինա Սամուցևիչը, Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան խնդրել են թույլ տալ իրենց շարունակել պատիժը կրել հենց մոսկովյան բանտում, որտեղ ներկայումս գտնվում են: Համաձայն դատարանի վճռի, աղջիկները ուղղիչ գաղութ պետք է տեղափոխվեն:
Փանկ խմբի անդամները նամակով դիմել են բանտի ղեկավարությանը: Փաստաբանները կարծում են, որ եթե աղջիկները Մոսկվայում մնան, իրավապաշտպաններին ավելի հեշտ կլինի հետևել՝ ինչպես են նրանք պատիժը կրում բանտում:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աղջիկներին գաղութ ուղարկելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ մենք նրանց առողջության և անվտանգության համար վախենալու բոլոր հիմքերն ունենք», – հայտարարել է դատապարտվածներից մեկի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
Իրենց Մոսկվայում թողնել աղջիկները խնդրում են այն դեպքում, եթե չհաջողվի բողոքարկել Խամովնիչեսկի դատարանի որոշումը և վճիռը ուժի մեջ մնա: Գործը կրկին կքննվի հոկտեմբերի 1-ին: Աղջիկները պահանջում են չեղյալ հայտարարել վճիռը, քանի որ այն ապօրինի են համարում:
Սամուցևիչը, Տոլոկոննիկովան և Ալյոխինան 2012-ի օգոստոսին երկու տարվա ազատազրկման են դատապարտվել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված ակցիայի համար: