Home / Տեսանյութեր / Խնդիրը ինքնիշխանություն ձեռք բերելն է. ՀԱԿ-ը նշեց անկախության տարեդարձը

Խնդիրը ինքնիշխանություն ձեռք բերելն է. ՀԱԿ-ը նշեց անկախության տարեդարձը

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 21-ին անկախության տոնը նշել են Սարյանի պուրակում, որտեղ տեղի է ունեցել փոքրիկ հանրահավաք, որին հաջորդել է հյուրասիրություն:

ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի անկախության հռչակումն արվեց միջազգային բոլոր կանոններին համաձայն և դրա համար էր, որ միջազգային հանրությունը անմիջապես ճանաչեց Հայաստանի անկախությունը:

«2 միլիոն 42 000  մարդ, այդքան կամքի տեր մարդիկ զուռնա դհոլով, թոռով, պապով երեխեքով եկան քվեարկեցին: Եվ այսօր էդ Հայաստանի բնակիչների մեծ մասը այստեղ չի, և այսօր դրանց մեծ մասը հիասթափված է,  մեծ մասը հուսահատված: Մենք հաղթահարեցինք արտաքին բոլոր մարտահրավերները: Միամիտի նման կարծում էինք, թե դրանով ավարտվում է  այն փուլը, որը կոչվում է անկախություն, մենք չգիտեինք, որ գալիս է մի հատ փորձանք, գալիս է մի հատ հիվանդություն, մեր մեջ ներսում մտնում է մի հատ վիրուս, որը տարածվելու է մետասթազի նման ու էս երկիրը սկսվելու է քայքայել: Եկավ գողը, եկավ որկրամոլը, եկավ հանցագործը գրավեց պառլամենտը, գրավեց պրեզիդենտականը, և էն ուժը, որը պայքարել էր դրսում, պայքարել էր ազերու հետ, դրսի էդ բոլոր մարտահրավերների, չարիքների, դժբախտությունների հետ, հանկարծ սկսեց  դժվարություններ կրել ավելի շատ ներսից»,- ասել է Արամ Մանուկյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախության ձեռքբերումից  21 տարի անց, Հայաստանը կրկին կանգնած է անկախություն,  այսինքն՝ ինքնիշխանություն ձեռք բերելու հրատապ խնդրի առաջ:

«Դաժան երազի է նման մեր այսօրվա իրականությունը, երբ անկախության ձեռքբերման առաջին տարիներին ավելի շատ ինքնիշխանություն, անկախություն ունեինք, քան այսօր», – նշել է Փաշինյանը:

ՀԱԿ խմբակցության մեր այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է, որ «առաջիկայում երկու լուրջ քննություն ունենք տալու»:

«Առաջինը՝ պետության կայացման ներքին հիմքերն են: Ապագայում մենք պետք է   ունենանք դեմոկրատական պետություն, մենք չպետք է ունենանք մեծահարուստ  հաստավիզներ: Հաստավիզը պայմանական է, կարող է և նիհար մեծահարուստ լինել, և չպետք է ունենանք բոլորովին անտեսված ժողովուրդ: Սա էն հարցն է, որ մենք կոչում ենք քաղաքական, սոցիալական և տնտեսական դեմոկրատիա, դրան մենք պետք է կարողանանք հասնել: Եվ երկրոդը՝ մեզ երևի նորից պայքար է սպասվում, նորից մենք դեռ վերջնականապես չենք ճշտել մեր հանրապետության սահմանները, քանի դեռ մեր հարևանները գործող սահմանների հետ համաձայն չեն: Սրանք լուրջ պրոբլեմներ են, լուրջ մարտահարավերներ են: Ցավոք սրտի, թե հուրախություն մենք դեռևս ունենալու ենք այս պրոբլեմները, և ես ուրախ եմ, որ մենք այդ պրոբլեմները ունենք, որովհետև դա մեզ ստիպում է հավաքական լինել», – ասել է Հրանտ  Բագրատյանը:

Ամենակարևոր արժեքը, որը անկախությանը բովանդակություն է տալիս, այսինքն՝ ազատությունը և ժողովրդավարությունը, թալանչիական, քրեաօլիգարխական իշխանություններն ուղղակի ավիրեցին: Այդ մասին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Է՞ս անկախության համար ենք մենք պայքարել, կամ նման անկախություն արդյո՞ք պետք է հայ ժողովրդին: Ո՛չ,այսօր եկել է ժամանակը՝ անկախությունը նորից լցնել բովանդակությամբ: Այլապես դա անիմաստ է արժեք է:  Եվ ուզում եմ հիշեցնել, որ ուղիղ հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից զգաց… նա վաղուց արդեն համարում էր գործերը ավարտված, նա հիմնադրեց Հայաստանը՝ երրորդ հանրապետությունը, հիմնադրեց ժողովրդավարությունը, հաղթեց ղարաբաղյան պատերազմում, և դրանից հետո կարծես՝ պետք է համարեր, որ գլխավոր գործերը արված էին և նա պետք է արդեն գնար հանգիստ վայելեր: Բայց ուղիղ հինգ տարի առաջ նույն այդ մարդը հասկացավ, որ այն արժեքները, որի համար ինքը պայքարել է, որոնց հաղթանակին ինքը հասել է, այդ արժեքներն ուղղակի ավիրվել են», – նշել է Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ հիմա պուրակում հավաքվածները կարող են ասել, թե «հինգ տարի է  պայքարում ենք»՝  ինչի՞ հասան: Նա բացատրել է, որ որևէ տեղ աշխարհում նման ուժգնությամբ և երկարատևությամբ շարժում չի եղել և դա իրենց մեղքը չի, որ չեն ավարտել այս շարժումը հաղթանակով, ուղղակի այլ երկրներում այդ ժամանակ միջազգային հանրությունը սկսել էր լրջագույն ճնշումներ գործադրել  ժողովրդավարական շարժման հաղթանակի համար, իսկ  իրենց  բախտը սրանով չի բերել, որ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չունեցան համաշխարհային ժողովրդավարական համերաշխության որևէ դրսևորում:

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

Tekali Taxi