Home / Հայաստան / Հայաստանում դրական փոփոխություններ են եղել, կարծում է Շտեֆան Ֆյուլեն

Հայաստանում դրական փոփոխություններ են եղել, կարծում է Շտեֆան Ֆյուլեն

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում այսօր շատ կարևոր և բովանդակալից քննարկումներ է ունեցել: Այս մասին Ֆյուլեն հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ բանակցող թիմի և որևէ մեկի մոտ որևէ կասկած չթողեցինք, որ մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի եվրոպական ընթացքին` ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության: Մենք լուրջ հիմքի վրա ենք կանգնում և առաջ շարժվում լուրջ հենակետից, արդեն շատ դրական փոփոխություններ Հայաստանում եղել են: Մենք դա գնահատեցինք` լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնելով Հայաստանին` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում, Եվրոպական հարևանության քաղաքականության համատեքստում: Ընդամենը մի քանի րոպե առաջ վարչապետի հետ ստորագրեցինք երկու համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է 43 մլն եվրոյի օժանդակություն, որը կնպաստի, որպեսզի Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես կարելի է Հայաստանի միջազգային գործընկերների ջանքերը միավորել, որպեսզի արտաքին աջակցությունը նպատակաուղղվի ազգային ամենահրատապ բարեփոխումների իրականացմանը: Ամեն անգամ, երբ նայում եմ, տեսնում եմ, որ առաջընթաց ենք արձանագրում թե՛ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցության առումով, թե՛ այլ ոլորտներում, մասնավորաապես, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում», – ասել է Ֆյուլեն:

Հատուկ անդրադարձ կատարելով ազատ առևտրի համաձայնագրին՝ Ֆյուլեն նշել է, որ այն մի քանի կարևորություն ունի երկու կողմերի հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար:

«Այն բնավ չի սահմանափակվում ազատ առևտրի սովորական պայմանագրի նման պայմանագիր լինելով: Այդ համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանի առջև կբացի իր ներքին շուկային վերաբերող իրավական կարգավորումների զգալի մասը: Դա կազդի բոլոր հայաստանցիների վրա, ընդ որում կազդի լավագույնս թե՛ սպառողների պաշտպանության առումով, թե՛ բնապահպանության, թե՛ ճանապարհների անվտանգության և այլ առումներով: Ամենակարևորն այն է, որ համաձայնագիրը վերաբերում է արժեքներին` Հայաստանում բնակվող կանանց և տղամարդկանց` ազատությունների, իրավունքների և երաշխիքների միջոցով: Համաձայնագիրը վերաբերում է այդ ներուժի լիարժեք իրագործմանը», – նշել է եվրոպացի պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ ամենաառաջնահերթ բարեփոխումներից մեկը ժողովրդավարության բնագավառում է:

«Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած մի շարք կոնկրետ առաջարկություններ, որոնց իրագործումը մենք կցանկանայինք տեսնել մինչև հաջորդ տարվա նախագահական ընտրությունները: Բարեհաջող ընտրություններն իսկապես կարևոր են, այլապես կընդհատվեին այն շարունակական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել, կընդհատվեր շարունակականությունը և ամբողջականությունը», – խոսքը եզրափակել է Ֆյուլեն:

Ասուլիսի ընթացքում Ֆյուլեին խնդրել են բացատրել, թե ինչով է պայմանավորված, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում եվրոպական երկրներից ներդրումները Հայաստանում կրճատվել են՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական կապիտալը գնում է երրորդ երկրներ՝ Եվրոպայում առկա խնդիրների պատճառով:

«Ճգնաժամի օրեր են, մենք իսկապես ճգնաժամի մեջ ենք, նաև առկա է եվրոյի նկատմամբ վստահության ճգանաժամ: Խախտվում է նաև այլ պետություններում ներդրումներ անելու համար անհրաժեշտ վստահությունը: Եթե դիտարկում ենք մեր կողմից Հայաստանի կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունը, ապա մի շարք խնդիրներ կան, որոնք կարճաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում պետք է լուծել, որպեսզի գործարարության և ներդրումների համար միջավայրը բալելավվի:

Բայց ներդրումների աճն իսկապես կխթանվի, երբ մենք մեր շուկաներին առնչվող իրավական կարգավորումները կարողանանք բերել համընթաց ռեժիմների: Ամբողջ աշխատանքի նպատակն էլ հենց դա է: Երբ ասում էի, որ տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ՝ դա ի նկատի ունեի: Մեր նպատակն է հող հարթել այնպիսի Հայաստանի համար, որը ներդրումների համար կլինի գրավիչ հանգրվան, ստեղծել ավելի լավ պայմաններ այն ձեռնարկությունների ու տնտեսվարողների համար, որոնք կուզենան օգտվել ձեր շուկայի ընձեռած հնարավորություններից, այնպիսի պետական կառույցներ, որոնք ավելի հարմարավետ կլինեն քաղաքացիների համար: Մենք գնո՞ւմ ենք արդյոք այդ ուղղությամբ՝ այո, գնում ենք այդ ուղղությամբ, կա՞ արդյոք բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու Կառավարության կամքը՝ այո, կա այդ կամքը, պատրա՞ստ ենք արդյոք մենք օժանդակել այդ ջանքերին՝ այո, մենք պատրաստ ենք: Գործընթացն ավելի բարեհաջող կլինի, եթե նրանում ներգրավենք քաղաքացիական հասարականությանը: Այդ հարցը քննարկվեց նաև վարչապետի հետ և այո, կլինի նաև այդ գործընթացը», – ասել է Ֆյուլեն:

Tekali Taxi