Home / Հայաստան / Էժանագին օճառային օպերա. Փաշինյանն ասել է, երբ Օսկանյանի հետ կխոսի մարտի 1-ի մասին

Էժանագին օճառային օպերա. Փաշինյանն ասել է, երբ Օսկանյանի հետ կխոսի մարտի 1-ի մասին

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապշել է հեռուստատեսությամբ լսելով, որ ԱՄՆ քաղաքական գործիչ, բարերար Ջոն Հանթսմանը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին երկու միլիոն դոլար է նվիրաբերել: Այս մասին Փաշինյանն ասել է այսօր ԱԺ-ում Օսկանյանի գործի քննարկման ժամանակ՝ բացատրելով ապշելու պատճառները:

«Դուք տասը տարի որպես ԱԳ նախարար տիրապետել եք պետական գաղտնիքների, այնպիսի տեղեկությունների, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար: ԼՂ-ն ձեր արտգործնախարար եղած ժամանակ դուրս է մնացել բանակցային գործընթացից, ձեր արտգործնախարար եղած ժամանակ ստեղծվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փաստաթուղթը, և Լաչինn ու Քելբաջարը դուք անվանել եք օկուպացված տարածքներ: Եվ այսքանից հետո տասը տարվա արտգործնախարարին մեկ էլ Հանթսմանը երկու երկու միլիոն դոլար է  նվիրում: Սա ինչ է նշանակում, կոռուպցիան արդյոք հենց սա չէ, որի մասին խոսում ենք: Եվ սա ասում եմ հատուկ ֆոնին: Ես հիշեցնում եմ, որ ձեր իշխանությունը 2008 թվականին մեզ (Հայ Ազգային Կոնգրեսին-խմբ.) մեղադրում էր, որ մենք արտասահմանից փողեր են ստանում, որպեսզի երկիրը խարխլենք: Ու հետագայում ի դեպ, ձեր իշխանությունը մոռացավ, ոչ էլ ներողություն խնդրեց հանրությունից, էդ սխալը, սուտը հրապարկելու համար», – նշել է Փաշինյանը:

Նա մի շարք հարցեր է ուղղել Օսկանյանին՝ կապված մարտի 1-ի հետ.

–         Իրավաչա՞փ են եղել իրավապահ մարմինների գորղոծությունները 2008 թվականի մարտի 1-ին

–         Դատապարտո՞ւմ եք արդյոք 2008 թվականի մարտի 4-ի նիստում տեղի ունեցածը, երբ չորս ընդդիմադիր պատգամավորները գլխավոր դատախազի միջնորդությամբ հանձնվեցին իրավապահներին:

–         Դատապարտո՞ւմ եք արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործողությունները 2008 թվականի մարտի 1-ին,

–         Դատապարտում եք արդյոք ձեր գործողությունները 2008 թվականի մարտին

–         Դատապարտում եք արդյոք ներքին զորքերի, ոստիկանության զորքերի գործողությունները մարտի 1-ին:

–         Եվ, ի վերջո, պատրաստ եք արդյոք Ձեզ հատկացված  բարեգործական գումարները հատկացնել մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Վարդան Օսկանյանը իր պատասխանում նշել է, որ Մեղրին էլ, Լեռնային Ղարաբաղն էլ տեղում են:

«Այսօր «Սիվիլիթասում» վաթսուն  ընտանիք է  աշխատում: Այսօր «Սիվիլիթասի» բյուջեն մեկ միլիոն դոլար է: Այսօր «Սիվիլիթասը» քաղաքացիական հասարակությանն իր նպաստն է բերում: Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչ վերաբերում  է մյուսներին: Նիկոլ ջան, եթե քո քվեարկության որոշումը կախված է լինելու այդ հարցերին իմ պատասխանից, քո ուզած հարցերի մասին մենք նստենք քո սենյակում, իմ սենյակում՝ խոսենք: Այո, այնտեղ շատ հարցեր կան, որ պետք է խոսենք: Իհարկե, ես էլ թերություններ ունեմ, իհարկե, սխալներ եմ արել, բայց մարտի 1-ի իմ հարցազրույցը, իմ ելույթը մի նպատակ է հետապնդել՝ այդ տասը զոհերը կանխել: Հավատա, դա է եղել, ուրիշ նպատակ ես չեմ ունեցել, և սա հաճախ եմ ասել և շարունակում եմ ասել: Այդ օրը, երանի, դուք նույնպես նման պատասխանատվություն վերցնեիք: Ոչ ոք չի վերցրել, ես եմ վերցրել: Աստված չանի, էլ նման իրավիճակներ լինեն: Իմանալով արդեն՝ հաջորդ տարիներին բոլոր այն մեղադրանքները, որ հնչելու են իմ անձի հանդեպ, նույնը կանեմ: Եթե ես հինգ տոկոս, տասը տոկոս հնարավորությու ունեի, կամ մտածում էի, որ կարող եմ այդ շիկացած, լարված իրավիճակը թուլացնեմ, ես նորից կանեմ: Իսկ ինչ վերաբերվում է  խորհրդարանում մեր նախկին գործընկերներին հանձնելու հարցը, դա ես երբեք չեմ անի: Ես հիշում եմ, որ այդ տղաներին վեց ամիս տևեց մինչև փաստեր հավաքվի և այլն, ինչ-որ դատավարություն լինի: Նույնը այսօր… այս փաստերով դուք եթե ինձ եք հանձնում, նույնը մի օր ձեզ է լինելու:

Ես չեմ զգում, որ սխալ եմ արել, ես օգուտ եմ արել: Պարոն դատախազ, եկեք նստենք, խոսենք էլի, ես պատրաստ եմ, որ ինձ ձերբակալեն, եթե սխալ բան եմ արել: Հավատացեք, չեմ արել», – հայտարարել է Օսկանյանը:

Արձագանքելով Օսկանյանի ելույթին՝ Նիկոլ Փաշինյանմ ասել է.

«Բարեբախտաբար, դուք մենակ չէիք, որ Մեղրին փաթաթեք ու սրան-նրան տաք: Դուք ասում եք՝ «Սիվիլաթասում» աշխատում է վաթսուն ընտանիք, ինչքա՞ն մարդ էր աշխատում «Սիլ» կոնցեռնում: Երբ որ 2008 թվականին ձեր գործողությունների արդյունքում ակնհայտորեն սնանկացման նպատակ էր դրվում:

Ինչ վերաբերվում է իմ բարձրացված հարցերի վերաբերյալ մարտի 1-ի հետ կապված, այդ մասին մենք կխոսենք կամ դատախազությունում կամ դատրանում, որտեղ դուք մարտի 1-ի գործով կներգրավվեք որպես մեղադրյալ, և հետագայում որպես ամբաստանյալ: Չեմ պատրաստվում կոմպրոմիսի գնալ մարտի 1-ի ոճրագործների հետ: Ինձ համար Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանը  ՀՀ քաղաքացիներին գնդակահարած խմբավորման անդամներ են, և ես նրանց պաշտպանել չեմ կարող: Սա քաղաքական էժանագին շոու է, ես կասեի օճառային օպերա», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi