Home / Հայաստան / Պաշտոնական վարկածով զինվորը կախվել է. երեկ երեկոյան հորն ասել էր, որ լավ է

Պաշտոնական վարկածով զինվորը կախվել է. երեկ երեկոյան հորն ասել էր, որ լավ է

Այսօր առավոտյան Մնացականյանների ընտանիք զանգել են Ստեփանավանի զորամասից և հայտնել, որ այս գիշերը զուգարան գնալու պատրվակով իրենց որդին՝ Մնացական Մնացականյանը, դուրս է եկել զորամասից և կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 1994 թվականին ծնված Մնացականյանը 4 ամսվա զինվոր էր միայն:

Տղայի ծննդավայր՝ Էջմիածնի մոտ գտնվող Գայ գյուղ այցելած Epress.am-ի թղթակցին Մնացականի հայրը՝ Արմենը (համաձայն ՊՆ հաղորդագրության տղան Մնացական Թորգոմի Մնացականյան է – խմբ.)՝ պատմել է, որ մինչ բանակ գնալը 5 ամիս որդին սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղից դուրս է մնացել մի առարկայից քննությունը չհանձնելու պատճառով:

Ինքնասպանության վարկածը դեռ բոթից ուշքի չեկած ընտանիքին հավանական չի թվում: Հայրը՝ Արմենը, պատմել է, որ երեկ երեկոյան՝ 23.00-ին է խոսել հեռախոսով որդու հետ, վերջինս ասել է՝ «շատ լավ եմ, պապ», իսկ հայրը ասել է, որ վաղը պետք է գան նրան տեսնելու, որ սպասի իրենց: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ նշել էր մահվան փաստի մասին, սակայն պատճառների մասին չէր հաղորդել:

Մնացականի մայրը՝ Մարինեն էլ ասել է, որ որդին ոչ մի բողոք չի ունեցել իրենց զորամասից:  Մի քանի անգամ տրտնջացել է ռեժիմից, ասել է, որ կարոտում է, բայց առանձնակի բողոքներ չի ունեցել:

Հարևանների ու բարեկամների խոսքով՝ Մնացականը շատ կենսուրախ է եղել, «գյուղի կեսը նրան ընկերն էր»:

«Մի գիշերվա մեջ մարդը չի դառնում հոգեկան հիվանդ, մի գիշերվա մեջ չի կորցնում հավասարակշռությունը: Երեկ ես էլ եմ խոսել հետը, լավ էր: Իրենց առողջ երեխա էինք տվել, եթե հիվանդ էր՝ թող չտանեին»,- ասել է Մնացականի տատը: Բացի Մնացականից, ընտանիքը ունի մի 22-ամյա դուստր, ով նշանվել  է 20 օր առաջ:

«Իմ համար մեկ է՝ որդուս հասցրել են ինքնասպանության, թե սպանել են: Նա չէր կարող նման բան անել: Հիմա ես չեմ ուզում որևէ մեկը պատժվի: Պատիժը հետ չի բերի իմ որդուն», – ասել է տիկին Մարինեն:

Այնուամենայնիվ, ծնողները տվել են իրենց համաձայնությունը, որ վաղը դիահերձմանը ներկա լինի նաև անկախ փորձագետ, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:

Tekali Taxi