«Զոլոտայա կորոնա»-ն Հայաստանում արգելել են ԼՂՀ-ի պատճառով. «Կոմերսանտ»
Հայաստանի Կենտրոնական բանկը խախտումներ էր հայտնաբերել ռուսաստանյան խոշորագույն վճարահաշվարկային համակարգերից մեկի՝ «Զոլոտայա կորոնա»-ի գործունեության մեջ և արգելել ընկերությանը գործողություն ծավալել Հայաստանի տարածքում: Համաձայն ՀՀ ԿԲ-ի պաշտոնական դիրքորոշման, «ընկերությունը առանց որևէ պատճառաբանության բազմիցս չի ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը»:
Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրների վրա, գրում է, թե արգելքի իրական պատճառն այն է, որ «Զոլոտայա կորոնա»-ն հրաժարվել է գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Փորձագետների հաշվարկներով, ընկերությունն արգելքի հետևանքով ամսական մոտ 80 միլիոն դոլար կկորցնի:
«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական բանկը արգելել էր «Յունիստրիմ» փոխանցումների համակարգի գործունեությունը իր երկրում, քանի որ այն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Ինչպես և «Զոլոտայա կորոնա»-ի դեպքում՝ Հայաստանը նույն ձևակերպումով արգելել էր նաև Migom համակարգի գործունեությունը:
Թերթը գրում է, որ Հայաստանի ԿԲ-ն չի նշում, թե որ մասնաճյուղերում է հրաժարվել աշխատել «Զոլոտայա կորոնա»-ն:
«Կոմերսանտ»-ի զրուցակիցը նշել է, որ արգելքի պատճառ կարող էր հանդիսանալ ընկերության կողմից ԿԲ-ի պահանջի խախտումը փոխանցումներ կատարել նաև Լեռնային Ղարաբաղում՝ այդխպիսով ընդունելով այդ տարածքների ամբողջականությունը: Ադրբեջանն էլ, իր հերթին, պահանջում է չաշխատել Լեռնային Ղարաբաղում, և այդ պայմաններում տարբեր համակարգերը փորձում են մանևրել երկու պահանջների միջև՝ շուկաները չկորցնելու համար:
Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում տարբեր համակարգերով գումարների փոխանցման առաջատարներից է: Ռուսաստանի բանկի տվյալների համաձայն, 2011 թվականին փոխանցումների ծավալը կազմել է 1,28 միլիարդ դոլար, իսկ 2012-ի առաջին կիսամյակում՝ 550 միլիոն դոլար:
«Զոլոտայա կորոնա»-ն հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր էր զբաղեցնում: