Տաջիկը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի կողմից՝ սադրելու նպատակով. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմիններին ահաբեկչություն անելու առաջարկով դիմած ազգությամբ տաջիկ 33-ամյա Զամիրոժոն Օտաժոնովը իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից է ուղարկված եղել՝ սադրելու համար ՀՀ ԱԱԾ-ին:
Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Օտաժոնովը առաջարկել է 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Նա պատճառաբանել է, որ Բաքվում աշատելու ընթացքում իրեն մեծ գումար չեն վճարել և այժմ նա ատելություն ունի ադրբեջանցիների նկատմամբ:
«Ուշագրավ է, որ Օտաժոնովին Հայաստան ուղարկելը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու ու հերոսացնելու արդյունքում քաղաքական դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակաշրջանում:
Այսպիսով, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռամիլ Սաֆարովի շուրջ ստողծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով», - ասված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ: