Home / Հայաստան / Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբանները զարմանում են՝ ինչու է դատախազը առարկում միջնորդությանը

Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբանները զարմանում են՝ ինչու է դատախազը առարկում միջնորդությանը

Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին մեղադրող դատախազը, ինչպես նաև 6 ամբաստանյալների պաշտպանները ներկայացրել են իրենց բացասական կարծիքը  տուժողի իրավահաջորդ Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի և Վահե Գրիգորյանի միջնորդության մասին:

Բոլոր պաշտպանները միաձայն դեմ են արտահայտվել նաև մեղադրյալների աշխատանքային վայրը ճշտելու միջնորդությանը` դա համարելով զուտ հետաքրքրասիրություն:

Մինչդեռ ըստ Տիգրան Եգորյանի`այդ քննությունը անցակցնելը շատ կարևոր է, քանզի կբացահայտի, որ որպես «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները ամբաստանյալներից մի քանիսը ձևակերպվել են հետին ամսաթվով, իսկ իրականում եղել են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորից:

«Վայրը, աշխատանքային պայմանագրերը, նրանց ստորագրությունները դրանցում պետք է ուսումանսիրվեն, որովհետև ցույց կտրվի, որ նրանց ստորագրությունները դրանցում կեղծ են: Սա ցույց կտա, որ կեղծարարություն է տեղի ունեցել, իսկ ինչի՞ էր դա պետք: Զարմանալի է, որ դատախազը մեր այս միջնորդությանը դեմ է, քանի որ ինքը պետք է բացահայտի իրողությունը», – նիստից հետո լրագրողներին ասել է Տիգրան Եգորյանը:

Դատախազ Արթուր Դավթյանն առարկել է, մասնավորապես, «Հարսանքար» ռեստորանի համակարգչային պրոցեսորի հիշողությունը քննության ենթարկելու միջնորդությանը՝ պատճառաբանելով, թե համակարգիչները նախաքննական փուլում արդեն ուսումնասիրվել են և քննիչը դա արել է համակարգչային մասնագետի հետ: Նա ասել է, որ կողմի միջնորդությունները նպատակ ունեն այլ մեղավորների բացահայտել, սակայն դա անել սույն քրեական գործով հնարավոր չէ:

Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը իր դժգոհությունն է հայտնել միջնորդության ձևի մասին: Նրա խոսքով՝ տպավորություն ունի, թե կողմը իր վստահորդների շահերը չի ներկայացնում, այլ ԶԼՄ-ների համար նյութ է ապահովում:

«Ինչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային զանգերի տվյալները, Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող հեռախոսնների քննությունը», – ասել է պաշտպանը:

«Մնում է դատավճիռ կայացնեին», – իր առարկություն մասին հայտնելով`ասել է մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալալյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը 40 րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո միջնորդության բավարարման կամ մերժման մասին հայտարարությունը թողել է հաջորդ նիստին` հոկտեմբերի 22-ին:

Նշենք, որ դատին հնչել է մեկ այլ միջնուդրություն ևս, որը, սակայն, մերժվել է: Մարինե Թովմասյանը միջնորդել է արգելել դատարանում ԶԼՄ-ների աշխատանքը, նրանց թույլ չտալ լուսանկարել իր պաշտպանյալին: Համարելով, որ այդպիսով կխախտվի հասարակայնության սկզբունքը` դատավորը մերժել է միջնորդությունը:

Tekali Taxi