Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացված «Արմպրոդ էքսպո 2012» միջազգային ցուցահանդեսին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ իրեն ուրախացնում է այն հանգամանքը, որ ցուցահանդեսի մասնակիցների քանակը տարեցտարի ավելանում է:
Հենց այդ նախադասությունից հետո վարչապետին է մոտեցել մի քաղաքացի և ասել. «Պարոն վարչապետ, էս որ ավելանում են, դա լավ ա, բա էս ժողովրդին թալանում ա իշխանությունը, տները խլում ա ձեռից, փողոցներն ա քցում, ո՞նց օգտվենք, ի՞նչ գումարով: Ես այսօր անձնագիր չունեմ, իմ բնակարանը, որը կառավարությունից սեփականաշնորհել եմ… կաշառակեր դատավորը փողը ուզեց, չտվեցի: Դատախազությունը քրեական գործը հարուցել ա, հաստատել ա նոտարի հանցագործությունը, բայց դատարան չի հանձնում, գործը կարճել ա, քցել ա մի կողմ: Դատախազությունը մեղադրանքով հանդես չի գալիս, ասում ա՝ նոտարը իմ ընկերնա, ասում ա՝ դու քո ընկերոջը կդատե՞ս»:
Տղամարդը ներկայացել է որպես Արմեն Խալոյան, ով բնակվել է Չեխովի փողոցի 33-րդ շենքի 7-րդ բնակարանում: Խալոյանը վարչապետին տեղեկացրել է, որ այսօր ինքն անձնագիր չունի, իրեն չեն տրամադրում, հաշվառում չունի: Նրա խոսքով՝ իր բնակարանը խլել են, իրեն էլ ասում են՝ հաշվառման վայր գտի: Վարչապետը մի քանի հարց է ուղղել քաղաքացուն՝ հետաքրքրվելով, թե ով է ձեռք բերել քաղաքացու բնակարանը և նա ում է վճարել բնակարանի համար:
«Անօրինական նոտարն օտարել է կաշառքի միջոցով, որը հաստատվել է քրեական գործով: Բնակարանը ձեռք է բերել Վրաստանի քաղաքացի, նոտարին կաշառելով՝ ձևակերպել են առանց ինձ՝ իմ սեփականությունը օտարել են»,- ասել է Խալոյանը: Վարչապետը խոստացել է, որ ինքը կհանձնարարի, որպեսզի գործն ուսումնասիրեն: «Պարոն Մարգարյանը (նկատի ունի ՀՀ նախկին վարչապետ, 2007 թվականին մահացած Անդրանիկ Մարգարյանին – խմբ.), օղորմածիկ, հարգանքներս իրեն, ժամանակին հանձնարարեց… բայց այդպես էլ կոծկեցին: Պարոն Մարգարյանը չկա՝ գործը մնաց: Խնդրում եմ, որ հանձնարարեք՝ հետևողական եղեք ձեր ասածը անեն»,- ասել է Խալոյանը: