Home / Հայաստան / ՀԿ-ները ՀՀ կառավարությունից պահանջում են երաշխավորել Parada ֆիլմի ցուցադրությունը

ՀԿ-ները ՀՀ կառավարությունից պահանջում են երաշխավորել Parada ֆիլմի ցուցադրությունը

Մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների հիմնահարցերով Հայաստանում, իրենց մտահոգությունն են արտահայտել նույնասեռականների խնդիրներն արծարծող Parada ֆիլմի ցուցադրության անընդհատ հետաձգելու առթիվ, և այդ մասին բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին, Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցչությանը և Գերմանիայի դեսպանատանը:

«Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:

Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե որքանով են իր տրամադրած աջակցությունը և միջոցները ուղղորդվում ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: ԵՄ-ն պետք է հետամուտ լինի իր իսկ տրամադրած միջոցների նպատակային բաշխմանը և ՀՀ կողմից հանձն առած պարտավորությունների կատարմանը», – նշում են հայտարարության հեղինակները:

Հիշեցնեք, որ սերբ ռեժիսոր Սրդժան Դրագոյեվիչի «Parada» ֆիլմի ցուցադրությունը նախաձեռնել էին Եվրամիական Միություն պատվիրակությունը և Գերմանիայի դեսպանատունը:  Սակայն դրա  դեմ տեղի ունեցած ակցիաներից հետո Տիկնիկային թատրոնը և The Club ռեստորանը, որոնք նախապես համաձայնել էին ցուցադրության համար տեղ տրամադրել,  հրաժարվել են դա անել:  Հաջորդ տեղը, որ նախաձեռնողները գտել էին՝ «Կոնգրես» հյուրանոցն էր, սակայն ցուցադրության օրն այն ևս հրաժարվել է դահլիճ տրամադրել: