Հայաստանը վերածում են Երևանի. պատգամավորը նամակ է ուղղել վարչապետին
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշումը անվավեր համարելու կոչով՝ իր դիմումը հիմնավորելով այն դիտարկմամբ, որ այն հակասում է Կառավարության 2012-2017թթ. ծրագրին:
Հիշեցնենք, որ որոշումը ընդունվել է սեպտեմբերի 13-ին և դրանով նախատեսվում է մարզերից Երևան տեղափոխել պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձաններ «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսին ցուցադրելու համար:
Իր նամակում Մարուքյանը հիշեցրել է, որ կառավարության գերակայությունների առաջին մասում նշված է Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության աճի ապահովումը և տարածքային համաչափ զարգացումը:
«Տվյալ պարագայում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, քանի որ կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք այլևս գտնվելու են Երևան քաղաքում:
Ավելին, որևէ երաշխիք չկա, որ 2016 թվականին այդ հուշարձանները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը, քանի որ գոնե ինձ հանդիպած քաղաքացիները պնդում են, որ տարիներ շարունակ տարբեր մարզերից տարվել են պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնք, ի վերջո, չեն վերադարձվել, և այժմ էլ դրանց գտվելու վայրի մասին քաղաքացիները տեղեկություն չունեն»,- գրել է Մարուքյանը:
Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, թե այս որոշմամբ փորձ է արվում «Հայաստանը վերածել Երևանի, իսկ Երևանը` Հայաստանի»:
Հիշեցնենք, որ Պատմական և մշակութային հուշարձանների մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխում կարելի է կատարել միայն բացառիկ դեպքերում: