Home / Հայաստան / Ինչո՞ւ պետք է գնալ Ուագադուգու և պետք չէ գնալ Կինշասա… ԱԳ նախարարը ծանոթ է քննադատություններին

Ինչո՞ւ պետք է գնալ Ուագադուգու և պետք չէ գնալ Կինշասա… ԱԳ նախարարը ծանոթ է քննադատություններին

2013 թվականի բյուջեով Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորման համար նախատեսված է 10 միլիարդ 557 միլիոն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ի  Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսաների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է դեսպանատներ բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում, և դրա համար նախատեսվում է ծախսել 436 միլիոն դրամ:

Հանձնաժողովների համատեղ նիստին ԱԺ պատգամավորները նաև հարցեր են ուղղել ՀՀ ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանդյանին:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հարցրել է, թե ինչին է  ուղղված եղել նախարարի օգոստոսյան շրջայցը Հարավ-արևելյան Ասիայի երկրներով, ինչպես նաև աֆրիկյան այցերը՝ հիշեցնելով, որ այդ այցի հետ կապված հնչել են բազմաթիվ քննադատություններ:

Նախարարն ասել է, որ ինքը ծանոթ է այդ քննադատություններին, գիտի, որ իր այցելած երկրները նաև «էկզոտիկ» են կոչում: Նա հայտարարել է, որ առնվազն կոռեկտ չէ որևէ երկիր էկզոտիկ կոչել, ու նշել, որ դրանց թվում կան երկրներ, որոնք տասնյակ անգամ ավելի մեծ են, քան Հայաստանը:

«Եվ այդ հարց տվողները, եթե իրենք փորձեն պատասխան տալ, թե ինչո՞ւ է պետք գնալ Ուագադուգու (Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք – խմբ.) և պետք չէ գնալ Կինշասա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը – խմբ.)… կարծում եմ, այդ պատասխանը եթե ունենան, այն ժամանակ այդպիսի հարցեր չեն տա: Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որտեղ 77 երկրների նախագահներ էին հավաքվել, վարչապետներ և ԱԳ նախարարներ, և այդ գագաթաժողովին մենք դարձանք միջազգային այդ կարևորագույն կազմակերպության լիիրավ անդամ: Ինդոնեզիան ամենամեծ իսլամական բնակչություն ունեցող երկիրն է: 250 000 միլիոն բնակչություն ունի, 86 տոկոսը իսլամ է [դավանում], և այդ երկրում արդեն 6 տարի է՝ գործում է ադրբեջանական դեսպանությունը: Գիտե՞ք ինչ հայտարարություններ է ընդունել այդ երկրի ԱԺ-ն… Նույնը Մեքսիկան, այստեղ էլ արդեն վեց տարի է՝ գործում է Ադրբեջանի դեսպանությունը», – ասել է նախարարը:

Tekali Taxi