Home / Հայաստան / Պուտինը և ճակատագրական կենացը. ինչու Գարեգին Բ-ն պաշտոնանկ արեց Հայոց թեմի առաջնորդին

Պուտինը և ճակատագրական կենացը. ինչու Գարեգին Բ-ն պաշտոնանկ արեց Հայոց թեմի առաջնորդին

2000 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պաշտոնանկ է արել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին: 12 տարի անց Տիրան Սրբազանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես և ինչու է տեղի ունեցել պաշտոնանկությունը:

Տիրան Սրբազանի խոսքով՝ երբ Գարեգին Բ-ն ձեռնադրվելուց հետո (դա տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին) իր առաջին հովվապետական այցն է  կատարել Մոսկվա, իր վերաբերմունքը թեմի առաջնորդի նկատմամբ արդեն իսկ հստակ է եղել՝ արհամարհական:

Մեր զրուցակիցը նշել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Գարեգին Բ-ն ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի կարողացել պայմանավորվել հանդիպման մասին ոչ ՀՀ դեսպանության միջոցով, ոչ «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանի օգնությամբ:

«Վերջը ես, իմ ունեցած կապերով, Ռուսիո պատրիարք Ալեքսի 2-րդի մոտ ունենալով հարգանք ու վստահություն, նրան խնդրեցի, որ կազամկերպի այդ հանդիպումը: Ալեքսի պատրիարքն ասաց, որ ինքն առանձին ընդունելություն չի կարող կազմակարպել, բայց Գարեգին կաթողիկոսի պատվին ճաշկերույթ կանի Կրեմլի իր ընդունարանում և կհրավիրի Պուտինին», – ասել է Տիրան Սրբազանը:

Նա ասել է, որ հանդիպման ժամանակ Ալեքսի պատրիարքի առաջարկած բազմաթիվ կենացներից հետո, վերջինս ձայն է տվել Տիրան Սրբազանին, ով առաջարկել է խմել Ռուս ուղղափառ եկեղեցու կենացը:

«Երկու պատրիարքներին դիմեցի, նախագահին ողջունեցի և ասացի. «Պարոն նախագահ, կներեք, թույլ տվեք ասել, որ այսօր Ռուսաստանը գտնվում է քաղաքական քաոսային լարված վիճակում, տնտեսությունը քայքայված է և եթե այսօր կա մի ուժ, մի մարմին, որը կարող է միասնականացնել Ռուսասատանն ու ռուս ժողովրդին, դա Ռուս ուղղափառ եկեղեցին է: Թույլ տվեք բարձրացնել բաժակ նրա պատրիարքի գլխավորությամբ  բոլոր բարձրաստիճան հոգևորականների, բոլոր ծառայողների և հավատացյալ ժողովրդի համար, Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ մաղթել արևշատություն և գործունեություն: Այսպիսի կենաց ես ասացի: Նշեմ, որ հաջորդ առավոտ, երբ մտա Գարեգին Բ-ի հարկաբաժինը, որը Դանիլովսկի վանքի հյուրանոցն էր, իր շրջապատի հոգևորականները, մասնավորապես, Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, բարձրաձայն ընդհանուր անորոշ հայտարարություն արեց՝ «Իմացե՛ք, այնտեղ, որտեղ կաթողիկոսը կա, ոչ ոք իրավունք չունի խոսելու»: Ես անմիջապես մոտեցա Գարեգին կաթողիկոսին և ասացի՝ ի՞նչ է,  այդ ինձ ի նկատի ունեիք: Ասաց՝ «այո», ասացի՝ «կներեք, նախ և առաջ, ես ինքնագլուխ չեմ բարձրացել ու ելույթ ունեցել, ինձ առաջարկել ու ձայն են տվել պատրիարքի խնդրանքով, երկրորդ՝ Ռուսաց պատրիարքը հոտընկայս բազմիցս առաջարակեց մեր եկեղեցու համար կենացներ, իսկ Ձեր  պատասխանը եղավ՝ «ես չգիտեի, որ այստեղ պետք է խոսեմ»: Ասացի՝ այդ աթոռի վրա նստած մարդը պետք է բոլոր պահերին էլ պատրաստ լինի պատասխանելու կամ  խոսելու: Արդեն այդ իսկ պահից զգացվում էր նրա կեցվածքը դեպի իմ անձը», – պատմել է Տիրան Սրբազանը:

2000 թվականի հոկտեմբերի սկզբին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրան Սրբազանին կանչել է Էջմիածին և հանդիպման ժամանակ հայտնել է, որ վերջինիս պաշտոնանկ է անում:

Տիրան Սրբազանը մեզ հետ զրույցում նշել է նաև, որ իրեն հայտնի է դարձել, թե Գարեգին Բ-ն երեք անգամ իրեն ազատելու հարցով խոսել է Ալեքսի Երկրորդի հետ:

«Ալեքսի պատրիարքն էլ ասում է՝ «հանուն ինչի՞, նա շատ լավ գործունեություն է ծավալել, մեր եկեղեցիների փոխհարաբերությունները շատ ավելի սերտացրել ու  բարեկամացրել են»: Արդեն իրենց երրորդ զրույցի ժամանակ, որը եղել է Քրիստոս Փրկիչ եկեղեցու բացմանը, նորից ինձ հանելու հարցն է դնում: Ալեքսի պատրիարքն ասում է՝ խնդրում եմ ձեր ներքին գործերին ինձ մի խառնեք: Ու ինքն այդ քայլին գնաց: Երբ ես Էջմիածնում էի, նա ասաց, որ ինձ հանում է, ուղարկում է Ուկրաինա: Ասացի՝ բայց ինչի՞ համար, չէ՞ որ գիտեք՝ ես աշխատանք եմ կատարում, մոտ ամիսներին իմ այստեղի գործունեության 25-ամյակն է նշվելու և ես գիտեմ, որ արդեն իշխանության կողմից պետական շքանշան ստանալու որոշում կա: Ո՛չ, ասաց, չես մնա: Ասացի՝ լավ, թույլ տվեք եկեղեցին սարքեմ մի տարի, ամբողջ աշխատանքը կատարվել է, հասել ենք հիմքի առաջին քարը դնելուն: Խնդրեցի եկեղեցին կառուցեմ, դա իմ աշխատանք է եղել: Ոչ, ասաց, հենց եկեղեցին դու չպիտի կառուցես: Սա Գարեգին կաթողիկոսի անհավատ անձի արտահայտությունն է: Ասացի՝ ես շատ լավ ձեզ հասկացա, ես մնում եմ հոգևոր հովիվ: Նշանակեք ձեր աբեղա եղբորն առաջնորդ, ես արքեպիսկոպոս կմնամ, հովիվ», – ասել է Տիրան Սրբազանը:

Դրանից հետո Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ է նշանակվել Եզրաս Ներսիսյանը՝ Գարեգին Բ-ի եղբայրը:

Տիրան Սրբազանը նշել է, որ այս 12 տարիներին Գարեգին Բ-ն «քայքայել է եկեղեցին, բաժանել է մեր ժողովրդին՝ միմյանց դեմ լարելով»:

«Ժնևի հայ համայնքը քայքայեց, այսօր բաժանված վիճակ է, Նիսի հայ համայնքը քայքայեց, և եթե այսպես շարունակվի, երևի ոչինչ չի մնա Հայաստանյաց առաքելական եկեղեցուց, բացի երկու եղբայրների գործունեությունից:

Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի խոսքով՝ Գարեգին Բ-ն Ռուսաստանի իշխանությունների միջոցով լուծարել է Մոսկվայում գործող երեք հայկական եկեղեցիների միությունը, որտեղ ինքնը երեք ու կես տարի գործունեություն էր ծավալում:

Խոսելով Մոսկվայում 2000 թվականից կառուցվող թեմի Հայ Առաքելական մայր եկեղեցու մասին՝ Տիրան Սրբազանն ասել է, որ Եզրաս արքիեպիսկոպոս Ներսիսյանը հիմքն օրհնեց 2000 թվականին՝ հրավիրելով քաղաքապետին, Ռուսիո պատրիարքին, պետական այլ այրերի, իսկ դրանից անմիջապես  հետո «Կոմերսանտ» թերթում լույս է տեսել մի հոդված, որում նշվում էր, թե ներկայիս առաջնորդը (Եզրասը) չի կարողանում եկեղեցին կառուցել, որովհետև նախկին առաջնորդը (Տիրանը) երեք միլիոն դոլար հափշտակել է:

«Ես դատի տվեցի «Կոմերսանտ» թեթին, դատը շահեցինք, 5000 ռուբլի էլ փոխհատուցում վճարեցին, և հերքումը կա: Ամբողջ հարցազրույցը Եզրասի հետ էր եղել, և պարզ է, թե ով է ասել և ինչ է ասել: Անցյալ տարի էլ հանկարծ «Արմենիա» հեռուստաընկերությունը նորից այդպիսի հայտարարություն արեց, որ նախկին առաջնորդը միլիոնները տարել է, դրա համար էլ նրան կարգալույծ են արել (հեռուստաընկերությունը հաջորդ օրը հերքել է լուրը – խմբ.): Ես ուզում էի դատի տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը, բայց հետո որոշեցինք չանել՝ մտածելովով, որ հարվածի տակ չդնենք հայաստանյան հեռուստատեսությունը: Այն ժամանակ իրենք հայտարարեցին, որ եկեղեցին կկառուցեն, տասը տարի է՝ եկեղեցին չի կառուցվում: Ձևականորեն նախագահի այցելությանը խաչերը դրին, եկեղեցին պատրաստ չէ», – ասել է Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը:

Նա նշել է, որ այժմ ինքը Ռուսաստանում է, իրեն հավատացյալները միշտ դիմում են, օրինակ, տնօրհնեք կատարելու, մկրտության համար, հարսանիքների են հրավիրում:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Tekali Taxi