Home / Հայաստան / «Վեր կաց, գնա այս երկրից». տպավորություն 2013 թվականի բյուջեից

«Վեր կաց, գնա այս երկրից». տպավորություն 2013 թվականի բյուջեից

2013 թվականի պետբյուջեն չի արձագանքում Հայաստանի ներկա տնտեսական առաջնահերթություններին, օրինակ՝ հարստության չափից դուրս կենտրոնացվածությանը, ներքին շուկայի կրճատմանը, օլիգարխիկ կառուցվածքների գերակշռությանը, տնտեսական կյանքում ֆինանսական ու հատկապես բանկային համակարգերի «ամրապնդմանը»: Պետբյուջեի մասին իր դիտողությունները ամփոփելով՝ Facebook սոցիալական ցանցում գրել է ՀԱԿ-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանի մոտ տպավորություն է, թե կառավարությունը դիտմամբ է այսպես վարվել, կարծես ասելով ժողովրդին՝ «վեր կաց, այս երկրից գնա»:

«2013-ին ունենալով եկամուտների 13,2 և ծախսերի 10,2% աճ՝ կառավարությունը, այնուամենայնիվ, չի կարողացել գոնե փոխհատուցել գնաճը բյուջետային աշխատողների համար (միջին աշխատավարձի 4.1% աճ 4.2% գնաճի դեպքում)։ Ինչ վերաբերում է թոշակառուներին, ապա այստեղ որևէ բարձրացում նախատեսված չէ։ 2013-ին թոշակառուները 4.2%-ով ավելի վատ են ապրելու, քան 2012-ին։ 2013-ը բացառիկ տարի է արտաքին պարտքի մարման ու սպասարկման տեսանկյունից. ոչ խելամիտ քաղաքականության պատճառով (ժամանակին զգուշացնում էինք) դրա համար նախատեսված գումարը (418 մլն դոլար) 2012 թվականի համեմատ միանգամից կրկնապատկվում է։ Սրան կառավարությունն ավելացրել է մի երրորդ խնդիր՝ դեֆիցիտի կրճատումը 3.2%-ից մինչև 2.6%։ Ո՞վ է տեսել այս 3 հիմնախնդիրը լուծեն մեկեն», – գրել է Բագրատյանը:

Ըստ տնտեսագետի՝ ուղերձի կառուցվածքային քաղաքականության մասը դպրոցական շարադրության մակարդակով մտքերի հեղեղ է՝ իմաստազուրկ, ընդհանուր, պրիմիտիվ և հաճախ էլ սուտ՝ երկարաշունչ, անբովանդակ նախադասություններով:

«Ներկա պայմաններում շահութահարկը պետք է կազմի առնվազն 250 մլրդ դրամ։ Այսօր փաստացի թիվը 2 անգամ ցածր է (2013թ – 127,1մլրդ դրամ): Ակնհայտ է, որ այս 123 մլրդ դրամը այն գումարն է, որը խոշոր (օլիգարխիկ) ձեռնարկատերերը բյուջե չեն մուծում։ Համապատասխան միջոցների ձեռնարկման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում արդեն 2013-ին կարելի կլիներ ավելացնել շահութահարկի գծով մուծումները 30 մլրդ դրամով, իսկ 2014-ին ստանալ լրացուցիչ ևս 120 մլրդ դրամ շահութահարկ։ Մենաշնորհ ու շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների համար սահմանել լրացուցիչ շահութահարկ՝ մոնոպոլ շահույթի 50%-ի չափով»,- խորհուրդ է տվել Բագրատյանը:

Epress.am-ի խնդրանքով բյուջեի մասին կարծիք է հայտնել նաև տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա գնահատմամբ՝ 2013թ. բյուջեն ամենաանհաջողներից է, թեև դա կանխատեսելի է, քանի որ կառավարության քաղաքականությունը չի փոխվել: Փոփոխությունը, ըստ նրա, այն է, որ սույն բյուջեով ավելի վատթարանալու են փոքր բիզնեսով զբաղվելու պայմանները:

«Եթե մինչ այս 50 միլիոն դրամ եկամուտն էր այն շեմը, որից հետո տնտեսվարողը պետք է ավելացաված արժեքի հարկ վճարեր, իսկ այժմ 30 միլիոն դրամի է իջեցվել այդ շեմը: Երկրորդ մեծագույն խնդիրն արտաքին պարտքն է: Արտաքին պարտքի և պաշտպանության ծախսերը միայն կազմելու են մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ բյուջեյի 30%-ը»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետը հավելել է, որ նման ծախսերը հաշվի առնելով՝ ծիծաղելի է կառավարության ձևակերպումը, թե այս բյուջեն «սոցիալական ուղվածություն» ունի:

Tekali Taxi