Գլխավոր / Հայաստան / Ով է ուզում վերադառնալ խորհրդային սիմվոլներին. զինանշանի, օրհներգի և ԱԱԾ-ի անելիքի մասին

Ով է ուզում վերադառնալ խորհրդային սիմվոլներին. զինանշանի, օրհներգի և ԱԱԾ-ի անելիքի մասին

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները՝ օրհներգը և զինանշանը, Խորհրդային Հայաստանի սիմվոլներով փոխարինելու մասին նախաձեռնությամբ հանդես եկած մարդիկ կամ ռուսական ԿԳԲ-ի գործակալներ են և պետք է արտաքսվեն կամ ազատազրկվեն, կամ՝ կողմնորոշումը կորցրած, ոչ ադեկվատ մարդիկ են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» (2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունը – խմբ.):

Զրույցի ընթացքում Հարությունյանը խորհուրդ է տվել ոչ թե իրեն դիմել մեկնաբանություն ստանալու համար, այլ՝ Հայաստանի իրավապահ մարմիններին և ազգային անվտանգությանը:

Նշենք, որ հրապարակախոս Զորի Բալայանի, գրող Լևոն Անանյանի, դերասան Սոս Սարգսյանի, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի, գեղանկարիչ Դավիթ Մինասյանի նախաձեռնությամբ հավաքվել է 2208 ստորագրություն և բաց նամակ է ուղարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ՀՀ խորհրդանիշները փոխելու մասին առաջարկով:

Նախաձեռնողները կարծում են, որ անհրաժեշտ է ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի զինանշանը: Նրանց խոսքով՝ զինանշանի վրայից պետք է հանել «Սովետական» բառը, փոխարենը գրել «Արևելյան Հայաստանի Հանրապետություն»:

Նամակի հեղինակների խոսքով՝ սա անհրաժեշտ է, քանի որ Արևմտյան Հայաստանը խլել են, բայց «դա ստանալը մեր լեգիտիմ պահանջներից մեկն է»: Ներկայիս դրոշի վրա նախաձեռնողներն առաջարկում են խաչ ավելացնել, քանի որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ ներկայիս օրհներգի երաժշտությունը փոխարինել Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությամբ:

«Հին, այն էլ՝ ստրկության սիմվոլներին հետ գնալ ցանկացողները քաղաքականապես, հոգեպես մահացած, կործանված մարդիկ են: Էս մարդիկ մահացան, երբ Սովետական Միությունը կործանվեց: Բայց ինձ ավելի շատ այլ բան է հետաքրքրում: Ինչու անվտանգության մարմիններն այդ նախաձեռնողներով չեն զբաղվում, ովքեր պետական անկախության դեմ քայլ են կատարում: Առանց այն էլ՝ մեր ժողովրդի արժեքները խեղված են, այդ խեղումը դարձնում են անդառնալի: Պետք է պարզել, ովքեր են այդ 2208 ստորագրած մարդկանցից գործակալ, և ովքեր անկեղծորեն կարծում են, որ պետք է նման բան անել: Առաջիններին պետք է ազատազրկել, երկրորդներին՝ հանրությանը դիմելու հնարավորությունից զրկել»,- ասել է Շանթ Հարությունյանը:

Շանթ Հարութունյանը նշել է, որ ինքը համաձայն է, թե ՀՀ խորհրդանիշները չեն համապատասխանում այն գործառույթներին, որոնց համար պետությունը ստեղծվել է, և դրանք պետք է փոխվեն, սակայն դրանք ոչ մի դեպքում չպետք է փոխարինվեն Խորհրդային Հայաստանի խորհրդանիշներով:

Լուսանկարը՝ golosarmenii.am