Ռուսաստանցի քաղաքական գործիչը գիրք է գրել «Հայաստան ֆենոմենի» մասին
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի է ունեցել «Հայաստան հազարամյակների ուղի» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը ռուսաստանյան «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ, Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովն է, որը շնորհանդեսի կապակցությամբ ժամանել էր Երևան:
Գիրքը հայոց պատմության չափածո շարադրանքն է՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա:
Շնորհանդեսին ներկայացված առաջին հատորը հասնում է մինչև հայոց գրերի գյուտը: Ներկայումս ընթացքի մեջ են երկրորդ և երրորդ հատորների տպագրման աշխատանքները: Ռաֆայիլ Զինուրովը տիրապետում է հայերեն լեզվին, և լինելով իրավաբան՝ նա նաև ՌԴ գրողների միության անդամ է, բացի դա նա զբաղվում է նաև քանդակագործությամբ և քանդակների մեջ կան նաև տարբեր շրջանի հայ ազատագրական պայքարի հերոսներ:
Գրքի շնորհանդեսին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս իր խոսքում կարծիք է հայտնել, որ այսօր մեր իրականության մեջ տեղի է ունենում աննախադեպ երևույթ, որովհետև նախ օտար պետության ներկայացուցիչը չափածո ոճով գրում է աշխատություն, որը նվիրված է հայ ժողովրդին և Հայաստանի տեղի ու դերին:
«Ես հասցրել եմ մի քիչ ընթերցել, շատ հստակ փաստարկներ կան, առաջինն այն է, որ Ռաֆայիլ Զինուրովը շատ հետաքրքիր բացահայտում է անում, և իմ համար հետաքրքիր է նրա բացահայտումը հայ ժողովրդի և Արարատ լեռան կապը, այդ հավիտենականությունը», - ասել է Շարմազանովը՝ նշելով, որ կցանկանար շեշտադրում անել «գրքի քաղաքական կոմպոնենտի» վրա: Գրքի հեղինակը Բաշկիրիայի խորհրդարանի փոխնախագահն է և, Շարմազանովի խոսքով, «իր գրքում հստակ արձագանքներ է տալիս»:
Վերջում ելույթ է ունեցել նաև գրքի հեղինակը, ով նշել է, որ գրքի գաղափարը իր մոտ վաղուց է ծագել, իսկ թե ինչու է ծագել այդ միտքը, նա չի կարողացել բացատրել: Հեղինակի խոսքով՝ այս աշխատությանն ինքը մոտ վեց տարի է նվիրել:
«Ես հայ պատմաբանների աղբյուրներից բացի, օգտագործել եմ այն, ինչ ձեռքիս տակ ընկել է, ես օգտվել եմ նաև Հայ առաքելական եկեղեցու պատմությունից: Եվ կարդալով Գրիգոր Նարեկացու մասին... նա ինձ համար դարձել է իսկապես սուրբ մարդ: Ես կարծում եմ, որ հայոց պատմության ամեն մի դարաշրջանը յուրահատուկ է, և միավորում է այդ բոլոր դարաշրջանները մեկի մեջ: Հայաստանն անցել է 17 կայսրության միջով, բայց դիմակայել է, հիմա ոչ մի կայսրություն չկա, բայց Հայաստանը կա, և ես սա համարում եմ դա ֆենոմենալ երևույթ: Աշխարհի պատմության մեջ սա ֆենոմեն է »,-ասել է Ռաֆայիլ Զինուրովը: