2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Զինդատախազությունից պահանջում են վերականգնել բանակում զոհվածների իրավահաջորդների իրավունքները

Վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերին վերաբերող քրեական գործերում, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը որպես օրինակ նշում է 2011 թվականի հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված և 2012 թվականի հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի գործը: Նրա հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չունի, չնայած, որ դեպքից անցել է հինգ ամսից ավելի:

Իրավապաշտպաններն ընդգծում են, որ նա չի ստացել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և հարազատներից ոչ մեկը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

«2012 թվականի նոյեմբերի 5-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղած Սարգիս Սեյրանյանի հայրը ևս դեռ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Եվ, վերստին, զրկված է նախաքննությանը մասնակցություն ունենալու հնարավորությունից:

Ելնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մեկնաբանելով պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային պարտավորությունների կատարման հասկացությունը` պետությունը պարտավոր է ապահովել.

- կյանքից զրկման փաստերի հետաքննության դեպքերում կյանքի իրավունքը երաշխավորող ազգային օրենքների բարեխիղճ կատարումը, երբ ընդգրկված են պետական ծառայողներ կամ մարմիններ

- վերահսկողություն մահվան դեպքերում

- զոհի ընտանիքի համար հասանելի հանգամանալից, անաչառ, արդյունավետ հետաքննության իրականացում (...):

Այսինքն, նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդ չճանաչելը ոչ միայն զրկում է տուժողի ընտանիքին վարույթին մասնակից լինելու իր իրավունքից, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից, այլև խախտվում է ՀՀ քրեական դատավարական նորմերը:

Սույնով պահանջում ենք ՀՀ զինվորական դատախազությունից անհապաղ միջոցներ ձեռք առնել և զինվորական գործերով ապահովել տուժողի իրավահաջորդի՝ վարույթին մասնակից լինելու իրավունքը Աշոտ Սարդարյանի և նման այլ դեպքերում», - նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: