Home / Հայաստան / Մոսկվայում բուժվող զինծառայողը արհեստական կոմայի մեջ է. ՊՆ-ի խոստացած գումարը տեղ չի հասնում

Մոսկվայում բուժվող զինծառայողը արհեստական կոմայի մեջ է. ՊՆ-ի խոստացած գումարը տեղ չի հասնում

Արդեն երկրորդ շաբաթն է՝ Մոսկվայի Դմիտրի Ռոգաչյովի անվան մանկական  հեմոտոլոգիական կլինիկայում գտնվող, արյան հիվանդությամբ տառապող պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի բուժման համար նախատեսված գումարը  Պաշտպանության նախարարությունը չի փոխանցում:

Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում գտնվող Արթուրի հայրը, ով նշել է, որ տղայի վիճակն այս պահին ևս բժիշկները գնահատում են կայուն ծանր, նա այժմ արհեստական կոմայի մեջ է:

Հիշեցնենք, որ 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ արյան հիվանդություն է հայտնաբերվել: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում տղայի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, պատմել էր, որ «թեև Արթուրը գտնվում է 8-րդ հիվանդանոցում, վիճակը բավական ծանր է»: Ծնողները նշում են, որ երիտասարդի հիվանդության ախտորոշումը կատարվել է մեկ ամիս ուշացումով, մինչ այդ նրա մոտ դեղնախտ էին կասկածում: Քոչարյանը պետք է զորացրվեր նոյեմբերի վերջին:

Մոսկվայի կլինկաներից մեկը համաձայնել էր ստանձնել երիտասարդի բուժման  պատասխանատվությունը: Բուժման համար 67.000 դոլար էր պահանջվել, որը ծնողների չէին կարողանում գտնել:

«Ամեն օր ասում են՝ այսօր գումարը կփոխանցվի, սակայն օրն ավարտվում է ու պարզվում է՝ գումարը չկա, իսկ հիվանդանոցը գումարին է սպասում: Բժիշկները արդեն մտավախություն ունեն, որ գումարի փոխանցվելու մասին լուրերը կարող են սուտ լինել: Ասում են՝ «մենք արդեն կասկածում ենք, որ իրենք կուղարկեն», ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ այսօր բժիշկների խնդրանքով ինքը զանգահարել է ՊՆ ու զրուցել բուժվարչությունից Արմեն Նազարյանի հետ, ով ասել է, որ այդ հարցով զբաղվում է ՊՆ-ի ֆինանսական բաժինը:

«Գումարի փոխանցման կոնկրետ օր չի ասել, միայն ասել է, որ թղթերը պատրաստ են մոտ օրերս փոխանցումը կլինի: Առայժմ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի», -ասել է հայրը:

Խնդրի շուրջ Еpress.am-ը զրուցել է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ընդգծել է, որ մոտ օրերս գումարը անպայման կփոխանցվի:

«Տվյալ բուժհիմնարկի հետ փաստաթղթաիրավական հարցեր կան, ու գումարի փոխանցման հարցը պրոցեսի մեջ է: Պայմանագիրը կնքված է ու գումարն ամբողջությամբ փոխանցվելու է, ու ինչքան որ գիտեմ՝ փոխանցվելու է ոչ միանվագ», – ասել է Հովհաննիսյանը և ավելացրել, որ ավելի ստույգ ամեն ինչ կասի երկուշաբթի օրը:

Ավելի վաղ Еpress.am-ի հետ զրույցում Քոչարյանն  ասել էր, որ թեև իրենց խնդրանքով Մոսկվայում բժիշկները ընդունել էին հիվանդին, սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում դժգոհություն էին հայտնել՝ կապված գումարի ուշացման հետ:

«Ասում են՝ քիչ ժամանակ չէ, երկու շաբաթ է, ոչ մի մուծում չեք անում, իսկ մենք բուժում ենք անում», – ասել է զինվորի հայրը:

Հայրը նշել էր, որ նոյեմբերի 23-ի երեկոյան զանգահարել էին Հայաստանից ու հաղորդել, որ Պաշտպանության նախարարությունը փոխանցել է պահանջվող ամբողջ գումարը:

«Տվյալ պահին բուժման համար պահանջվում է 1 միլիոն 700.000 ռուբլի, ու ՊՆ-ից հաղորդել են, որ գումարի հարցը լուծված է: Դե երեկ ուրբաթ էր, այսօր ու վաղը ոչ աշխատանքային են ու իսկությունը պարզ կլինի երկուշաբթի առավոտյան: Իրենք ասում են՝ «կգնաք, կտեսնեք, որ գումարն արդեն նստած է հաշվեհամարին, մնում է  2 օր էլ սպասեմ», – ասել էր Քոչարյանը:

Tekali Taxi