Home / Հայաստան / Արթուր Քոչարյանի մահը ՊՆ-ի խղճին է, պնդում է ընտանիքը. ՊՆ-ն համաձայն չէ

Արթուր Քոչարյանի մահը ՊՆ-ի խղճին է, պնդում է ընտանիքը. ՊՆ-ն համաձայն չէ

Երեկ Մոսկվայում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է ՀՀ ՊՆ-ին գումարի տրամադրումը ձգձգելու մեջ:

«Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի:

Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել:

Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է: Եթե, իհարկե, այն առհասարակ խիղճ ունի», – նշված է հայտարարության մեջ, որը էլեկտրոնային փոստով Epress.am-ին ուղարկել է Մարինե Քոչարյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տարածած հայտարարության մեջ նշում է, որ Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն:

«Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում և ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով հետագա բուժումը կազմակերպելու նպատակով Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ տնօրինությունը պաշտոնապես դիմել է ՌԴ ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի, ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության կենտրոններին և ք.Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցին, որոնք զբաղվում են այս հիվանդության բուժման հարցերով: Միաժամանակ, ոսկրածուծի դոնորների ռեգիստրի կողմից, որպես ոսկրածուծի դոնոր հետազոտվել է հիվանդի քույրը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս ունի անհամատեղելիություն հիվանդի հետ ու չի կարող հանդիսանալ որպես դոնոր: ՌԴ ք.Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր բ.գ.դ. Ա.Մասչանի եզրակացության համաձայն՝ ոսկրածուծի համատեղելի արյունակից դոնորի բացակայության պայմաններում, որպես բուժման առաջին փուլ գերադասվում է կոմբինացված իմունոսուպրեսիվ բուժումը ցիկլոսպորինի և հակալիմֆոցիտար գլոբուլինի կիրառմամբ: Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ-ի կողմից 31.10.2012թ. տրված կարծիքի համաձայն նշված բուժումը խիստ ծանր է և իր մեջ պարունակում է հետագա ծանր բարդությունների մեծ վտանգ և ցանկալի է բուժումը կազմակերպել ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնում: Զինվորին ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլագիայի կենտրոն տեղափոխելուց հետո բժիշկների կողմից ձեռնարկվել են հիվանդության դեմ ժամանակակից բժշկությանը հայտնի հնարավոր բոլոր միջոցները՝ Արթուրի կյանքը փրկելու համար: Բուժման ընթացքում վերը նշված կլինիկայի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է միջպետական պայմանագիր՝ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարը փուլ առ փուլ վճարելու նպատակով: Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության՝ զինվորի բուժման ընթացքի և մահվան հանքամանքների վերաբերյալ արված հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինվորի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն չի եղել: Արթուր Քոչարյանի պատշաճ բուժման պրոցեսը իրականացվել է առանց որևէ մեկի արձագանքը հաշվի առնելու, բժշկական կանոնների համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալ փաստաթղթային հիմանվորումներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արթուր Քոչարյանի հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ և հայտնում է իր զորակցությունը», – ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Tekali Taxi